YouTube-ը մեղադրվում է հեղինակային իրավունքների խախտման մեջ

Գերմանիայի դատարանը YouTube տեսապորտալին պարտադրել է ստեղծել հավելյալ ֆիլտրեր`  օգտագործողների կողմից վերբեռնվող երաժշտական տեսնյութերի համար: Ինչպես գրում է BusinessWeek-ը, դատարանն այս պահանջը կայացրել է GEMA ընկերության հեղինակային իրավունքները պաշտպանելու նկատառումներով:

GEMA-ին են պատկանում մոտ 64 000 ստեղծագործողների և երաժիշտների հեղինակային իրավունքները: Ընկերությունը հայց էր ներկայացրել YouTube-ի դեմ՝ 12 տեսահոլովակի վերբեռնման համար, որոնց հեղինակային իրավունքները պատկանում էին իրեն:

 YouTube-ն իր հերթին հերքում է՝ նշելով, որ օգտագործողների կողմից վերբեռնվող բովանդակության համար պատասխանատվություն չի կրում: YouTube-ի ներկայացուցիչները դատարանին հիշեցրել են, որ իրենց նախագծողները կամավոր հիմունքներով պարբերաբար մոնիթորինգ են անում կայքի բովանդակությունը և հաճախ արգելափակում հեղինակային իրավունքները խախտող տեսանյութերը:

Համբուրգի դատարանը որոշում է կայացրել, որ YouTube-ն ինքնուրույն պետք է կիրառի օգտագործողներին հետևելու իր ծրագիրը՝  կանխելու հեղինակային իրավունքի խախտման դեպքերը: Բացի դրանից, դատարանը պարտադրել է YouTube-ին ստեղծել նոր ֆիլտրեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ստուգել վերբեռնվող տեսանյութերը:

Այս դատն առաջինը չէ, որ երբևէ եղել էYouTube-ի դեմ: Ավելի վաղ` Viacom մեդիաընկերությունը, MTV և Comedy Central հեռուստաընկերությունները, ինչպես նաև Paramount Pictures կինոստուդիան հեղինակային իրավունքների խախտման հայցերով դիմել են դատարաններ:

YouTube տեսապորտալի օգտագործողների թիվն աշխարհում գերազանցում է 800 միլիոնը: Օգտագործողներն օրական դիտում են ավելի քան 4 մլրդ տեսանյութեր: