Philips-ի եռամսյակային զուտ շահույթն աճել է 80,4%-ով

Միաժամանակ՝ հաշվետու ժամանակահատվածում Եվրոպայում կենցաղային էլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրող նիդեռլանդական Philips-ի վաճառքների ծավալն ավելացել է 6,6%-ով՝ մինչև €5,608 մլրդ։ Նշենք, որ ընկերության եռամսյակային ցուցանիշները գերազանցել են շուկայի կանխատեսումները, որոնք 2012թ. սկզբին Philips-ի զուտ շահույթն ակնկալում էին €186 մլն-ի, իսկ վաճառքների ցուցանիշը՝  €5,436 մլրդ-ի մակարդակում։

Հատկանշական է, որ ընկերությունն անցած տարին վնասով է փակել։ 2011թ. վերջին եռամսյակում եվրոպական հսկան կրել է €160 մլն-ի վնաս՝ 2010թ. միևնույն ժամանակահատվածի €465 մլն շահույթի համեմատ։ Իսկ 2011թ. Philips-ի ընդհանուր վնասները կազմել են €1,29 մլրդ՝ չեզոքացնելով 2010թ. գրեթե ամբողջ շահույթը՝ €1,45 մլրդ-ը։

Բացասական ցուցանիշներն ընկերությունում պայմանավորում էին Եվրոպայի պարտքային խնդիրներով և այդ ֆոնին իրականացվող խնայողության քաղաքականությամբ, ինչը զգալիորեն կրճատել է սպառողական պահանջարկն ու բացասաբար ազդել բնակչության գնողունակության վրա, ասված է Philips-ի հաղորդագրությունում։

Բացի այդ՝ 2011թ. աշնանը կորպորացիայում կադրային զգալի կրճատումներ տեղի ունեցան։ Ընդհանուր առմամբ, աշխատանքից հեռացվեց 4,5 հազ աշխատակից, այդ թվում՝ 1,4 հազ-ը՝ Նիդեռլանդներում։ Philips-ի ներկայացուցիչների խոսքով՝ սա «ցավալի, սակայն գործառնական մոդելի բարելավմանն ուղղված անհրաժեշտ քայլ էր»։

Royal Philips Electronics N.V. ընկերությունը մասնագիտացած է կենցաղային էլեկտրոնիկայի արտադրության, ինչպես նաև առողջապահության ոլորտի և սպառողական էլեկտրոնիկայի համար համալիր որոշումների և ծառայությունների տրամադրման մեջ։