Երևանում ասֆալտապատվել է ավելի քան 295 000 քմ տարածք

Երևանում մեկնարկել են մայրաքաղաքի շենքերի լվացման, ներկման և բարեկարգման աշխատանքները, կամարանցումների նկարազարդման գործընթացը: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը, այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ ընթացքի մեջ են նաև նստարանների ու աղբամանների տեղադրման աշխատանքները: Հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել աղբահանության վարձավճարների գանձման ընթացքը և համատիրությունների միջոցով բնակչությանը կրկին իրազեկել վճարումների ուշացման կամ չվճարման դեպքում օրենքով սահմանված կարգով տույժերի ու տուգանքների կիրառման մասին: 

Մշտական վերահսկողության պահանջ է դրվել նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից պարտադիր բարեկարգման, կանաչապատման նորմերը պահպանելու նկատմամբ:

Մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2012 -ի ծրագրով իրականացվող ասֆալտապատման  վերաբերյալ զեկուցվել է, որ  աշխատանքների մեկնարկից մինչ այս պահը տարբեր վարչական շրջաններում ասֆալտապատվել է ավելի քան 295 000 քմ տարածք: Հանձնարարվել է շարունակել խստորեն հետևել իրականացվող աշխատանքների որակին ու ժամանակացույցի պահպանմանը: