Զախարով. «Ճիշտ է և պետք է պահանջել որևէ փոխհատուցում»

Այս տարի ավելի լուրջ ենք մտադրված. պետք է անցնենք Հայոց ցեղասպանության ճանաչման 2-րդ՝ փոխհատուցման փուլին: Նման կարծիք հայտնեց այսօր Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Հայոց մեծ եղեռնին նվիրված Մոսկվա-Երևան հեռուստակամուրջի ժամանակ:

«Երեք տարուց կլրանա  հայ ժողովրդի պատմության այդ սարսափելի իրադարձության 100 տարին: Ճիշտ է և պետք է պահանջել որևէ փոխհատուցում: Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքայի ղեկավարության ամոթն ու խայտառակությունն է: Մարդիկ պետք է հասկանան, որ չարիքն անպատիժ չի մնում»,-ասաց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:

Նրա խոսքով, ռուսաստանյան գրախանութները լի են Ցեղասպանությունը ժխտող ադրբեջանցի և անանուն հեղինակների գրքերով: «Այդ գրքերում պնդում են, որ Ցեղասպանությունը հորինված է: Ինչու՞ Ռուսաստանի հարուստ հայերը կամ հայկական համայնքը միջոցներ չի հավաքում` պայքարելու այս անհեթեթության դեմ: Ես զարմանում եմ»,- ընդգծեց Վլադիմիր Զախարովը:

Ռուբեն Սաֆրաստյանը ցավով նշեց, որ վերջին տարիներին իսկապես ադրբեջանական կողմից մեծ ակտիվություն կա Ցեղասպանության ժխտումը քարոզելու հարցում՝ չնայած որ այն կատարվել է Օսմանյան կայսրության ձեռքով: «Հայոց ցեղասպանությունը միջազգային խնդիր է, ահա թե ինչու զարմանալի չէ ադրբեջանցիների նման ակտիվությունը»,-ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը պետք է հետևի Ֆրանսիայի օրինակին և մշակի Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագիծ: