Vodafone-ը մոտ $2 մլրդ-ով գնում է Cable & Wireless Worldwide-ը

Vodafone-ը C&W-ի յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց առաջարկել է 38 պենս, ինչը նշանակում է 92-տոկոսանոց պարգևավճար փետրվարի 10-ի առևտրաշրջանի փակման գնանշումների նկատմամբ։ Նշենք, որ փետրվարի 10-ը առևտրաշրջանի վերջին օրն էր մինչև ընկերության ձեռքբերման հայտերի ընդունման սկիզբը։

C&W-ի տնօրենների խորհուրդը բաժնետերերին միաձայն խորհուրդ է տալիս ընդունել Vodafone-ի առաջարկը։

Ներկայում Vodafone-ը C&W-ի գնման միակ հավակնորդն է մնացել այն բանից հետո, երբ անցած շաբաթ հնդկական Tata Communications Ltd.-ն դադարեցրեց ընկերության գնման բանակցությունները՝ այդպես էլ պայմանավորվածություն ձեռք չբերելով գնի շուրջ։

C&W-ն Cable and Wireless Plc. մայր ընկերությունից առանձնացել է 2010թ. մարտին, երբ C&W-ի շուկայական արժեքը 2,4 մլրդ ֆունտ ստեռլինգ էր։ Սակայն վերջին երկու տարում նրա բաժնետոմսերը ֆինանսական թույլ ցուցանիշների ֆոնին արժեզրկվել են 65%-ով։

Cable & Wireless  Plc.-ն գլոբալ հեռահաղորդակցային շուկայի  ամենահին ընկերությունն է։ Այն հիմնվել է Մեծ Բրիտանիայում 1860թ. որպես հեռագրային ընկերություն։ Ներկայում մասնագիտացած է հեռահաղորդակցային շուկայում խոշոր կորպորացիաներին և կառավարական կառույցներին ծառայությունների տրամադրման մեջ։

Vodafone-ը հասույթի ցուցանիշով համաշխարհային խոշորագույն բջջային օպերատորն է։ Այն աշխարհի ավելի քան 25 երկրում սպասարկում է մոտ 260 մլն բաժանորդի։ Vodafone-ի ակտիվների մեծ մասը կենտրոնացած է Եվրոպայում։ Ընկերության կենտրոնակայանը Մեծ Բրիտանիայում է։