Արեշև. «Փոխհատուցման հարցը կախված է հայկական հետևողականությունից»

Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման խնդիրը պետք է դրվի միջազգային կազմակերպությունների առջև: Նման կարծիք հայտնեց այսօր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող Անդրեյ Արեշևը  Հայոց ցեղասպանության թեմայով  Մոսկվա-Երևան հեռուստակամուրջի ժամանակ:  «Եթե Հայաստանը և Թուրքիան նորից փորձեն հարաբերությունները վերականգնել, ինչը չհաջողվեց 2009-ին, ապա այդ ֆոնի վրա միջազգային կազմակերպությունները անհարմար կզգան Ցեղասպանության խնդիրը բարձրացնել»:

Անդրեյ Արեշևի խոսքով, Թուրքիան, միանշանակ, արդեն սկսել է պատրաստվել Ցեղասպանության 100- ամյակին: «Կտպագրվեն Ցեղասպանության փաստը ժխտող բազմաթիվ գրքեր, կկեղծվեն փաստաթղթեր»,-ասաց նա:

Խոսելով փոխհատուցման մասին` Արեշևը նշեց, որ դա իրատեսական չէ: «Թուրքական մամուլում այս հարցն իր մտավախություններով նույնպես քննարկվում է: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան հետևողական կլինի հայկական կողմը»,-ընդգծեց Անդրեյ Արեշևը:

Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` փոխհատուցումը լայն հասկացություն է: «Այս բառն ասելով, կարող ենք հասկանալ բարոյական, նյութական,տարածքային փոխհատուցում: Սակայն պատիժը մեկն է՝ հետևանքների վերացում: Թե ինչ կերպ դա կլինի, այլ հարց է: Գաղափարն այն է, որ չարը պետք է պատժվի»,-նշեց նա:

Ըստ Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովի` շատ կարևոր է նաև եկեղեցու դիրքորոշումը: « Պետք է եկեղեցու լուրջ ռազմավարություն: Ցեղասպանությանը զոհ գնացած  1.5մլն հայերը ի վերջո մահացել են քրիստոնեությունը դավանելու համար»,-ասաց Զախարովը:

Նա նաեւ հավելեց, որ մեծ խնդիր է ռուսերեն լեզվով Հայոց ցեղասպանության մասին գրքերի պակասը, ինչպես նաև Ռուսաստանում Ցեղասպանության թանգարանների չլինելը:  «Խոսքով մի բան փոխանցելն այլ է, տեսնելը այլ: Անհրաժեշտ է Ռուսաստանում ստեղծել թանգարան, իհարկե, ոչ այնքան մեծ, որքան Երևանում է»,- նշեց Զախարովը: