Գործարար կապեր` Միլանի հետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային: «Ուրախ եմ, որ գտնվում եք Հայաստանում: Մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը համագործակցության նոր ուղիներ գտնելու և երկկողմ կապերն ամրապնդելու համար»,-ասել է վարչապետը:

Նշելով, որ Միլանի հայ համայնքի հետ ձևավորվել են գերազանց հարաբերություններ՝ Գվիդո Պոդեստան ասել է, որ առկա են մի քանի ուղղություններ, որտեղ կան համագործակցության լավ հնարավորություններ: Խոսելով գործարար կապերի հաստատման վերաբերյալ՝ Միլանի նահանգապետը տեղեկացրել է, որ առաջիկա նոյեմբերին ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման շրջանակներում Հայաստան է ժամանելու իտալացի գործարարներից կազմված մեծ պատվիրակություն:

Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են մեր երկրում իրականացվող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու, նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և ներդրումային այլ ծրագրերում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերն  անդրադարձ են կատարել նաև Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում իտալական կողմից ներդրումների հնարավոր ներգրավմանը, տեքստիլ արդյունաբերության, ճշգրիտ մեքենաշինության, գյուղատնտեսության, դեղագործության, մշակույթի, կրթության և զբոսաշրջության բնագավառներում համագործակցության զարգացմանը և կապերի հաստատմանը: