Կկառուցվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ամփոփել է 2006-2011թթ. իր գործունեության հիմնական արդյունքներն ու նախանշել Մեծ եղեռնի հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների ընդհանուր ռազմավարությունը:

Նախատեսվում է 2012թ. մայիսին անցկացնել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ԱՄՆ Կարմիր խաչի հիմնադիր և հայասեր Կլարա Բարտոնի հիշատակին: Ներկայացվելու է նրա պաշտոնական զեկույցը համիդյան ջարդերից տուժած հայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին: Զեկույցի հայերեն թարգմանությունն ու տպագրությունն իրականացվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

Սեպտեմբերին կանցկացվի միջազգային գիտաժողով և ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Զմյուռնիայի աղետի 90-րդ տարելիցին:

2012թ. հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով հրատարակվելու է շուրջ 25 անուն գիրք՝ նվիրված Հայոց ցեղասպանության մինչ օրս չուսումնասիրված դրվագներին:

2012-ին լույս են տեսնելու անգլալեզու «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսի» առաջին երկու համարները: Հանդեսի միջոցով միջազգային գիտական շրջանակներին թանգարանը ներկայացնելու է իր գործունեության արդյունքները:

Այս տարի կկայանան նաև արտագնա շրջիկ ցուցադրություններ Լիբանանում, Դանիայում, Շվեդիայում և ԱՄՆ-ում: Կմեկնարկեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքի կառուցման և հին մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները: