Ցեղասպանության տարելիցը` Լիբանանում

Հայոց ցեղասպանության Լիբանանի երիտասարդական կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ ապրիլի 22-ին տեղի է ունեցել «Հսկումի երեկո»` Բիքֆայայի Նահատակաց հուշարձանի առջև: Միջոցառմանը մասնակցել են Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավորները, Լիբանանում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, հայ քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, հոգևոր առաջնորդներ, հասարակական, հայրենակցական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, պաշտոնական ելույթներից հետո ցուցադրվել է ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին, ներկաների ուշադրությանն է ներկայացվել հարուստ գեղարվեստական ծրագիր երգչախմբերի ու պարախմբերի կատարմամբ:

Լիբանանի օգնության խաչի (ԼՕԽ) շրջանային վարչության կազմակերպմամբ և Հայոց ցեղասպանության 100-ամյակի` Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ տեղի է ունեցել այցելություն Այանթուրայի նախկին որբանոց, որտեղ 2010թ. կանգնեցվել է հուշակոթող-խաչքար` նվիրված 1915թ. եղեռնից փրկված և որբանոցում մահացած հայ որբերի հիշատակին: Կատարվել է հոգեհանգստյան արարողություն:

«Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահի վարչությունը կազմակերպել է նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրություն: