Վրաստանում մեկնարկել են Մեծ եղեռնին նվիրված միջոցառումներ

Թբիլիսիում մեկնարկել է Հայոց մեծ եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը` Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի հովանավորությամբ և նախաձեռնությամբ, «Վրաստանի հայ համայնք», «Վրաստանի հայերի ազգային կոնգրես», «Թբիլիսյան հայերի ասամբլեա» կազմակերպությունների աջակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, ապրիլի 21-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կայացել է դասական երաժշտության երեկո, որի ընթացքում կատարումներով հանդես է եկել վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի Ներսես Շնորհալի երգչախումբը:

Կայացել է երգահան Հովհաննես Համբարձումյանի «Պատարագի» պրեմիերան՝ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան երաժշտանոցի ուսանողների նվագակցությամբ:

Երեկոյի ավարտին իր օրհնության ու գնահատանքի խոսքով հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս Միրզախանյանը: