«Վերջին դասին» նվիրված երգ` դպրոցականների համար

ՀՀ  կրթության և գիտության նախարարությունում այսօր ներկայացվել է դպրոցական «Վերջին դասին» նվիրված երգի տեսահոլովակը: Ներկա են եղել նախարար Արմեն Աշոտյանը, երգի հեղինակ,  բանաստեղծ Լևոն Բլբուլյանը, երգիչ Մհերը և տեսահոլովակի ռեժիսոր Արեն Բայադյանը:

Ինչպես տեղեկացրել է ԿԳՆ մամուլի ծառայությունը, Արմեն Աշոտյանը հայտնել է, որ երգի գաղափարը նախարարի ֆեյսբուքյան էջում առաջարկել է երգահան  Բլբուլյանը: «Այս երգը գալիս է համալրելու «Վերջին դասին» նվիրված երգերի շարքը և հարստացնելու աշակերտների երաժշտանոցը: Երգը հասանելի կլինի բոլոր դպրոցականների համար, և հուսով եմ, որ «Վերջին դասին» նվիրված միջոցառումն աշակերտների համար կդառնա կրկնակի հաճելի, սպասելի և տոնական»,-ասել է նախարարը:

Նա նշել է, որ երգը կյանքի է կոչվել մասնավոր ներդրողների ֆինանսական հատկացումներով, և նախարարությունն իրականացրել է միայն կազմակերպչական աջակցություն: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է նաև, որ կարելի է  ստեղծագործական խմբերի համար հայտարարել մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված լավագույն ստեղծագործությունն էլ սեպտեմբերի 1-ի Գիտելիքի օրվա կապակցությամբ որպես նվեր կմատուցվի դպրոցականներին: