Օպերա` օպերայի բակում

Երեւանը շաբաթներ առաջ «պայթեց» աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի համերգի մասին լուրից: Դրան հաջորդեցին լռություն և տարատեսակ ասեկոսեներ, այդ թվում` ասում էին, որ համերգի տոմսերի գինը կհասնի 300 հազ. դրամի: Կազմակերպիչները չէին ցանկանում որևէ պարզաբանումներ տալ: Մնում էր գուշակել, որ նման խորհրդավորության պատճառը թերևս այն էր, որ համերգը պիտի որ անակնկալ դառնար, նվեր` քաղաքացիներին Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման առթիվ:

Մեծ իրադարձությունը կայացավ ապրիլի 22-ին Ազատության հրապարակում: Մուտքն ազատ էր, հրապարակի միայն փոքր հատվածն էր առանձնացված հյուրերի և պաշտոնյաների համար: Համերգին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը` տիկնանց հետ, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրեր:

Բեմը սկսել էին մեկ շաբաթ առաջ պատրաստել, ընդ որում` աշխատում էր մի քանի խումբ Մեծ Բրիտանիայից և Իտալիայից: Աշխատանքներին մասնակցել է նաև հայաստանյան Vibrographus ընկերությունը: Բուռն գործունեության արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները` թե ձայնային, թե լուսային սպասարկումը աննախադեպ էր: «Հովեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը ՍիվիլՆեթ-ի հետ զրույցում խոստովանեց, որ երեկոն չափազանց հուզիչ էր իրենց համար նաև տեխնիկական գերազանց մակարդակի պատճառով: «Այդ բոլոր մանրուքները շատ մեծ դեր են խաղում, ճիշտ ձայնը մթնոլորտ է ստեղծում: Այս համերգի ընթացքում երգչախումբը ստիպված չեղավ պայքարել վատ ձայնի, վատ լույսի դեմ, մենք պարզապես վայելում էինք աշխատանքը հրաշալի դիրիժորի և մենակատարի հետ»,-ասաց խմբավարը: Ի դեպ, այնպես էր կարգավորված, որ համերգի ձայնը լսելի էր միայն Ազատության հրապարակում և ամենևին չէր խանգարում հարակից տարածքի բնակիչներին: Համերգը հեռարձակվում էր երեք խոշոր էկրաններով, որոնց մոտ ևս արվեստասեր մարդիկ էին համախմբվել: Ցավոք, Կարապի լճի վրա ջրային էկրանի յուրօրինակ գաղափարը ձախողվեց, քանի որ այն գրեթե ոչինչ չէր արտացոլում:

«Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից» խորագիրը կրող համերգի ընթացքում հնչեց օպերային արվեստի դասականների ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների ընտրանին` սկսած Դոնիցետիի, Պուչինիի, Վերդիի, Բիզեի արիաներից մինչև Նինո Ռոտայի երաժշտությունը, հնչեցին նաև Էլվիս Փրեսլիի լեգենդար Can’t help falling in love-ը և Բոչելիի հանրաճանաչ երգացանկից` Time to say goodbye-ը, որն առավել հայտնի է նրա և անգլիացի սոպրանո Սարա Բրայթմանի կատարմամբ:

Երգչի հետ ելույթ ունեցան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` իտալացի դիրիժոր Մարչելո Ռոտայի ղեկավարությամբ, պետական կամերային և «Հովեր» երգչախմբերը: Բեկ վոկալիստները ժամանել էին Անդրեա Բոչելիի հետ:

Չնայած համերգի սկզբում Բոչելին փոքր- ինչ կաշկանդված էր թվում, արդեն մի քանի երգից հետո հավաքված հազարավոր մարդիկ վկա դարձան պրոֆեսիոնալիզմի լավագույն դրսևորմանը: Սոնա Հովհաննիսյանի կարծիքով` այս համերգը ապացուցեց, թե որքան է հանդիսատեսը կարոտել իրական արժեքներին: «Մարդիկ խենթացել էին: Մեզ մոտ նման երեկո երբևէ չէր կազմակերպվել, հանդիսատեսը հասկացավ, որ օպերան էլ կարող է երջանկություն պարգևել», -ասում է հուզված խմբավարը:

Անդրեա Բոչելին առանձնակի տեղ է զբաղեցնում օպերային աստղերի համաստեղության մեջ: Նա, ծնվելով թույլ տեսողությամբ, իսկ 12 տարեկանում ֆուտբոլային պատահարի պատճառով կուրանալով, կարողացել է գրավել երկրագնդի կանանց մեծ մասի սրտերը` օպերային արվեստը դարձնելով մասսայական` առանց էժանացնելու կամ վարկաբեկելու այն: Բոչելին 13 ալբոմ է ձայնագրել, որոնցից երկուսը` դասական ու փոփ ժանրերում, երկուսը` հիթային, ութը` օպերային, որոնք վաճառվել են աշխարհում շուրջ 70 միլիոն օրինակով: 1998-ին People Magazine-ը Բոչելիին տարվա 50 ամենագեղեցիկ մարդկանցից մեկն է ճանաչել: Բացի դասական երաժշտւոթյան մրցույթներում հաղթելուց, նա «Գրեմմի», «Ոսկե գլոբուս», «Օսկար» մրցանակների դափնեկիր է: Երգչի Sacred Arias-ը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցված` իբրև դասական երաժշտության առաջին ալբոմ, որից աշխարհում 5 մլն օրինակ է վաճառվել:

Եվ այսպես, պատմական իրադարձությունը կայացավ, Անդրեա Բոչելին երգեց Ազատության հրապարակում: Այս համերգը դեռ երկար ժամանակ անգերազանցելի կմնա քաղաքի մշակութային կյանքում:

Մեկնաբանել