Թուրքիան Իսրայելին զրկեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովից

Ըստ պարբերականի՝ Անկարան մերժել է դաշինքի մի շարք անդամների խնդրանքը՝ հանել միջոցառմանն իսրայելցիների մասնակցության վրա սահմանած իր վետոն։ Թուրքերը պնդում են, որ դրան պետք է նախորդեն Թել Ավիվի պաշտոնական ներողությունները 2010թ. Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմի» ուղևորների և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ Թուրքիայի ինը քաղաքացիների սպանության համար։

Ընդ որում՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ այն երկրներին, որոնք Անկարային խնդրել էին չխոչընդոտել իսրայելցիների մասնակցությանը։ Նրա խոսքով՝ այդ պետությունները պետք է Իսրայելին խորհուրդ տան ներողություն խնդրել ու փոխհատուցել զոհվածների ընտանիքներին, այլ ոչ թե ճնշում գործադրեն Թուրքիյաի վրա։

Նախքան այդ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Անկարային մեղադրել էին «դաշինքի արժեքները» խախտելու մեջ։ Մասնավորապես՝ նրանք դժգոհություն էին հայտնել այն կապակցությամբ, որ Թուրքիան արգելափակում է ՆԱՏՕ-ի և Իսրայելի համագործակցությունը «Միջերկրածովյան երկխոսություն» ծրագրի շրջանակում։

Պատասխանելով այս մեղադրանքներին՝ Դավութօղլուն հայտարարել էր, որ գործընկերության ու արժեքների մասին խոսակցությունները տարօրինակ հուն են մտել։

Մեկնաբանել