Beeline-ը վաճառեց Վիետնամում իր բիզնեսը

Ընդհանուր առմամբ՝ հեռահաղորդակցային ծառայությունների միջազգային առաջատար օպերատոր Vimpelcom-ը (կենտրոնակայանը Ամստերդամում է) Վիետանամում ներդրել է $500 մլն, ընդ որում՝ մեկ տարի առաջ ընկերությունը պայմանավորվածություն էր ձեռք բերել տեղական իշխանությունների հետ՝ Gtel Mobile-ում իր մասնաբաժինը մեծացնելու և հնարավոր կոնսոլիդացիայի հնարավորություն ստանալու մասին։

Այսպես, Vimpelcom-ը Gtel Mobile-ում իր մասնաբաժինը վաճառել է Վիետնամի գլխավոր օպերատոր Global Telecommunications Corporation-ի հետ փոխկապակցված GTEL Transmit and Infrastructure Service One Member Company-ին։

Ըստ համաձայնագրի՝ Vimpelcom-ն ազատված է Gtel Mobile-ում հետագա ներդրումներ կատարելու պարտավորությունից։ Վիետնամական օպերատորը, իր հերթին, վեց ամսում կդադարի օգտագործել Beeline առևտրանշանը։ Vimpelcom-ի գլխավոր տնօրեն Ջո Լունդերը Վիետանամում իր բիզնեսի վաճառքը պայմանավորել է զարգացող և ավելի հեռանկարային շուկաների ուղղությամբ կենտրոնանալու անհրաժեշտությամբ։

Անցած տարվա վերջի դրությամբ Gtel Mobile-ը սպասարկում էր 3 մլն բաժանորդի։ Կես տարում բաժանորդային բազան աճել է մոտ երեք անգամ, սակայն նրան բաժին էր ընկնում տեղական բջջային շուկայի ընդամենը 2,3%-ը։ Շուկայի առաջատարներ Mobipfone-ից, Viettel Mobile-ից և Vinaphone-ից յուրաքանչյուրը սպասարկում է տասնյակ միլիոնավոր բաժանորդների։ 

Gtel Mobile-ի ֆինանսական ցուցանիշները չեն բացահայտվում։ Ընդհանուր առմամբ, Հարավարևելյան Ասիայում (Vimpelcom-ն աշխատում է նաև Կամբոջայում և Լաոսում) ընկերությունն անցած տարի վաստակել է $67 մլն։