Ոգեկոչում արվեստի շնչով

«Նարեկացի» արվեստի միությունը ապրիլի 24-ին  կազմակերպում է Հայոց մեծ եղեռնին նվիրված ավանդական «Ոգեկոչում արվեստի շնչով>> հիշատակի երեկո: Միջոցառումը  կազմված է համերգային բաժնից և ցուցահանդեսից: Երաշտական կատարումներով հանդես կգան երգահան Վահան Արծրունին և սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը, ֆլեյտահար Նելլի Մանուկյանը, ինչպես նաև «Կոնցենտուս» լարային քառյակը, «Նարեկացի» ժողնվագարանների համույթ, «Միհր» թատրոնն ու  «Փարոս» երգչախումբը: Ցուցասրահում կներկայացվեն Անդրանիկ Պողոսյանի քանդակները, «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնի, Հատուկ կարիքներով մարդկանց աջակցման «Շող» ստեղծագործական,  Լեդի Քոկսի անվան վերականգնողական և  «Ծիլ Բուսաց» ներդաշնակ զարգացման կենտրոնների սաների աշխատանքները:

Ավելի ուշ` երեկոյան, կկազմակերպվի երթ, որն արդեն ինը տարի անց է կացվում «Միհր» թատրոնի նախաձեռնությամբ: Թատրոնի դերասանակազմից ու համախոհներից կազմված 24 հոգանոց թափորը ճերմակ հագուստով և մոմերով Ծիծեռնակաբերդ կշարժվի անձայն երթով: Լռությունը միայն կխախտեն Արագածոտնի մարզի Արայի գյուղում գտնվող Սուրբ Մարիամին և Եղիսաբեթին նվիրված մատուռից բերված զանգի ղողանջները:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանի խոսքերով` լռությունը երթի առանցքային խորհուրդն է, իսկ զանգերի ղողանջը խորհրդանշում է «անլռելի զանգակատան» գաղափարը: