«Վարք հավերժության» քանդակը` Օղակաձև զբոսայգում

Քանդակը Դավիթ Երևանցու նվերն է Մայր Հայաստանին: Այն ձուլվել է Պրահայում (Չեխիա)` մոսկվաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանի հովանավորությամբ: Ճարտարապետն է Ռուբեն Հասրաթյանը:

«Վարք հավերժության»  խորհրդանշական կոթողը նվիրվում է «Մշո ճառընտիր» հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիր մատյանին: Այն գրվել և ծաղկվել է 1200-1202 թթ. Երզնկայի Ավագ վանքում` Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով: Գրիչը Վարդան Կարնեցին է, ծաղկողը` Ստեփանոսը: Երևանի «Մշո ճառընտիրը» ի սկզբանե ունեցել է  660 թերթ (չափսերը` 55.5 x 70 սմ): Մատյանը մշակվել է 1 ամսական հորթի կաշվից, քաշը 28 կիլոգրամ է: Ձեռագիրը ըստ տարվա տոների` ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների ու ներբողների ժողովածու է, որի համար կոչվում է նաև «Տոնական»:

«Մշո ճառընտիր» մատյանը 1202 թ. հափշտակել է Բաբերդի այլազգի դատավորը և 2 տարի Խլաթում թաքցնելուց հետո` 1204 թ., 4000 արծաթով վաճառել է Մշո Առաքելոց վանքին (գումարը հավաքվել է հավատացյալ ժողովրդի հանգանակությամբ): Մինչև 1915 թ. ձեռագիրը պահվել է վանքում: Մեծ եղեռնի օրերին երկու հայուհիներ մատյանը երկու մասի են բաժանել (ծանր լինելու պատճառով) և շալակած հասցրել Հայաստան:

Ներկայում «Մշո ճառընտիր» մատյանի 601 թերթը (առանց կազմի, երկու մասի բաժանված) պահվում է Երևանի Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում, 17–ը` Վենետիկում: