Սփյուռքի նախարարը պարգևատրել է Արգենտինայի «Արմենիա» թերթի խմբագրին

Ողջունելով հյուրերին` նախարար Հ.Հակոբյանն ընդգծել է հայապահպանության գործում Սփյուռքի լրատվամիջոցների դերի կարևորությունը` անդրադառնալով Սփյուռքի լրատվամիջոցներին աջակցելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի, «Երիտասարդ լրագրողների դպրոց»  և մի շարք այլ ծրագրի իրականացման արդյունքում զգալիորեն ակտիվացել է գործակցությունն այս ոլորտում:

Հ.Հակոբյանը ներկայացրել է նաև այս տարի մեկնարկող «Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրը:  Անդրադառնալով Արգենտինայի հայ համայնքում մեծաթիվ խառնամուսնություններին` նախարար Հ.Հակոբյանը համայնքային կազմակերպություններին կոչ արեց առավել մեծ ուշադրություն դարձնել խառնամուսնական ընտանիքներում ծնված երեխաների կրթության, համայնքային կյանքում ակտիվ ներգրավելու հարցերին:

Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար Հ.Հակոբյանը Արգենտինայի «Արմենիա» թերթի խմբագիր Գևորգ Գազանճյանին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:

 «Արմենիա» օրաթերթը Հարավային Ամերիկայի հայկական առաջին օրաթերթն է: Անցած տարի լրացել է թերթի 80-ամյակը: