Կաթի մթերման գները մեր երկրում ունեն սեզոնային պայմանավորվածություն. ԳՆ

Մեր հանրապետությունում կաթի մթերման գներն ունեն սեզոնային պայմանավորվածություն և հակադարձ համեմատական են կաթի արտադրության ծավալների հետ. տեղեկացնում է Գյուղատնտեսության նախարարությունը:

«Կաթի արտադրության ծավալները խիստ տատանվում են տարվա տարբեր ամիսներին: Կաթի ամենաքիչ քանակությունը ստացվում է դեկտեմբեր-հունվար ամիսներին` ամսական 18-20 հազարական տոննա (օրական` 600-650 տոննա), իսկ ամենաշատ քանակությունը` ապրիլ-հունիս (առավելագույնը` մայիսին) ամիսներին` ամսական 77-80 հազար տոննա (օրական` 2200-2300 տոննա):

Մեր հանրապետությունում կովերի ծինը հիմնականում տեղի է ունենում հունվար-մարտ ամիսներին, կովերը կթվում են 10 ամիս, ապա 2 ամիս ցամաքում: Ծնից հետո, սկզբի 2-3 ամիսներին կաթի յուղայնությունը ցածր է` 3.0-3.4 %, ապա հասնում է 3.5-3.6 %, իսկ աշնան ամիսներին` 3.8 % և ավելի: Միջին յուղայնությունը կազմում է 3.8 %:

Կաթի յուղայնությունը համեմատաբար ցածր է նաև արոտային շրջանին անցնելիս, երբ կովերը սկսում են կերակրվել արոտականաչով:

Կաթի գինը սահմանվում է 3.6 % բազիսային յուղայնության հաշվով: Եթե յուղայնությունը 3.6 %-ից ցածր է, ապա կաթի գինը նվազում է , եթե 3.6 %-ից բարձր է, ապա ավելանում է: Սովորաբար աշնան երկրորդ կեսից և ձմռան ամիսներին, երբ կաթի քանակությունը նվազում է, կաթի մթերման գինը բարձրանում է (1 կգ, 3.6 % յուղայնությամբ` 170-180 դրամ ), իսկ մարտից գները սկսում են նվազել և ամենացածրին հասնում` մայիսին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայումս հանրապետությունում արտադրվող անարատ կաթի ամենացածր յուղայնությունը կազմում է 3.2 %, ինչը նշանակում է, որ 3.6 % յուղայնությամբ 150 դրամ մթերման գնի դեպքում, 3.2 % յուղայնությամբ կաթի վերահաշվարկման արդյունքում 1 կգ կաթի մթերման գինը կկազմի գրեթե 135 դրամ:

Իսկ եթե կաթի յուղայնությունը բազիսային յուղայնությունից բարձր է և կազմում է 4 %, ապա 1 կգ-ը 150 դրամ մթերման գնի դեպքում 1 կգ կաթի վերահաշվարկված գինը կկազմի 167 դրամ:

Աշնան ամիսներին, կաթի արտադրության ծավալների նվազման հետևանքով վերամշակող ձեռնարկությունները կաթի մթերման գները կբարձրացնեն 10-15 % և 1 կգ 3.6 % յուղայնությամբ կաթի մթերման գինը կկազմի 165-170 դրամ: Այսպիսի գնի դեպքում, 4 % յուղայնությամբ կաթի 1 կգ-ի վերահաշվարկված գինը կկազմի 185-190 դրամ, իսկ 4.2 % և բարձր յուղայնությամբ կաթի գինը` գրեթե 200 դրամ:

Ըստ սահմանված կարգի, միջնորդները պետք է կաթը ընդունեն փաստացի յուղայնությամբ, ուստի ֆերմերները պետք է պահանջեն, որպեսզի կաթը ընդունելիս անպայման որոշվի կաթի յուղայնությունը:

Ի դեպ, միջնորդները (կաթ հավաքողները) կաթը մթերելիս կաթի յուղայնությունը չեն որոշում և կամայական են սահմանում յուղայնությունը, ինչն էլ առաջացնում է ֆերմերների դժգոհությունը»,- նշված է ԳՆ պաշտոնական կայքում: