Լիբանանահայերն օրինակելի քաղաքացիներ են. Լիբանանի մշակույթի նախարար

Ողջունելով հյուրերին` նախարար Հ.Հակոբյանը բարձր է գնահատել հայ-լիբանանյան ջերմ, բարեկամական հարաբերությունները` նշելով, որ մեր ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Լիբանանի և նրա ժողովրդի ջերմ վերաբերմունքը Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ հայությանը ապաստան տալու, օրհասական պահին սատար կանգնելու և աջակցելու հարցում:

Գաբի Լեյունը նշել է լիբանանահայ համայնքի կարևոր դերակատարությունը Լիբանանի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում և այլ ոլորտներում` ընդգծելով, որ լիբանանահայերը արժանի և օրինակելի քաղաքացիներ են:

 Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լիբանանի հայ համայնքի հիմնախնդիրներին առնչվող հարցերի: Քննարկվել է Հայաստանում Լիբանանի հայ համայնքի օրեր անցկացնելու հնարավորությունը:

Հ.Հակոբայնը Գաբի Լեյունին նվիրել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հրատարակված «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» պատկերագիրքը, որն ընդգրկում է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողների լուսանկարներ և տեղեկություններ դրանց վերաբերյալ: Պատկերագրքում տեղ են գտել նաև Լիբանանում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված յոթ հուշակոթողների լուսանկարները: