«Մեր խնդիրներն այսօր օրենսդրական չեն, սոցիալ-տնտեսական են, և սա մեր ժողովրդի հնարավորությունն է իր խոսքն ասելու. այնպես, որ երբ նա մայիսի 6-ին գնում է ընտրության, ինքը ոչ միայն ընտրում է մեկ կամ երկու կուսակցության, որ պիտի իր համար օրենքներ գրի, այլև ինքը հնարավորություն է տալիս կառավարություն կազմելու, երկիրը ղեկավարելու»,- ասաց նա «ԳԱԼԱ» հեռուստաընկերության եթերում:
Ըստ Օսկանյանի` այսօր մեր խնդիրն այն չէ` «Հայաստանի օրենքները լավն են կամ վատն են»: «Հայաստանի օրենքները լավն են. երբ օրենքը հավասարապես է կիրառվում բոլորի համար, վատը-լավը շատ հարաբերական է. միշտ կարելի է ուղղել, երբ բոլորն էլ զգան, որ դա վատ օրենք է, մեր պարագայում ամենամեծ պրոբլեմն այն է, որ այդ օրենքները հավասարապես չեն կիրառվում»,- ասաց նա` ընդգծելով, որ սա ոչ թե օրենսդրական, այլ կառավարման խնդիր է:
Վարդան Օսկանյանի դիտարկմամբ սխալն սկսվում է այնժամ, երբ տրված խոստումների համար որոշակի պահանջներ չեն ներկայացվում իշխող վարչախմբին, երկրի հետընթացի, ծրագրերի ձախողման դեպքերում պատասխանատվության չեն կանչվում համապատասխան պաշտոնյաները:
«Եթե մենք հանքարդյունաբերությունը և էներգետիկան հանենք, տակը ոչինչ չի մնում, փոքր և միջին բիզնեսի համար դրսից ոչինչ չի գալիս, իսկ դրսից ներդրումները պետք է բերել հատկապես փոքր ու միջին բիզնեսի և տեխնոլոգիաների համար»,- նշեց նա: Ըստ Օսկանյանի` Հայաստանը աշխարհի տնտեսական քարտեզի վրա պիտի ունենա տասնապատիկ մեծ տեղ, քան իր աշխարհագրական չափն է, և այդպիսի ներկայացվածություն ունենալու ներուժն իրապես ունի: