Խորհրդավոր հանդիպում Սադամի հետ

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր հուշամատյանից հերթական գրառումն է ներկայացրել Mediamax.am կայքում: 

Տարբեր մայրաքաղաքներից թռիչքներ Բաղդադ հազվադեպ էին տեղի ունենում: 1991թ. Պարսից ծոցի առաջին պատերազմի հետևանքով Իրաքը հայտնվել էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո: Իրաքի հյուսիսում և հարավում Արևմուտքի կողմից կիրառվում էին թռիչքների արգելափակումներ. այդ շրջանները հռչակվել էին ոչ թռիչքային գոտի:

Սահմանափակումներ կային նաև իրաքյան նավթի արտահանման վրա: 1995-ից ի վեր՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ կիրառվում էր «նավթ՝ սննդամթերքի դիմաց» ծրագիրը, որը թույլ էր տալիս սահմանափակ քանակությամբ նավթի արտահանում և վաճառք, և դրանից ստացված եկամուտներն Իրաքի կառավարությունը կարող էր օգտագործել միմիայն բնակչության համար անհրաժեշտ սնունդ և դեղորայք գնելու համար:

Այդ օրերին հազվադեպ էր նաև այլ երկրներից բարձրաստիճան պատվիրակությունների այցը Իրաք: 1991թ. Իրաքը ներխուժեց Քուվեյթ, ինչը հանգեցրեց պատերազմի Պարսից ծոցում: Արդյունքում Իրաքը հայտնվեց մեկուսացման մեջ, և այլ երկրներից բարձրաստիճան այցելություններն Իրաքի ղեկավարությունը շատ բարձր էր գնահատում և համարում էր բարեկամական քայլ:

Իմ այցելության նպատակը Իրաքի իշխանություններին գոհացնելը չէր, այլ բնականաբար Հայաստանի շահերին հետամուտ լինելը: Տարիներ շարունակ Իրաքի հայկական համայնքը, որի թիվը մոտ 25 հազար էր, ՀՀ իշխանություններին հորդորում էր դեսպանություն բացել Բաղդադում, ինչը տեղի հայ բնակչության համար կլիներ ապահովության հավելյալ երաշխիք, ինչպես նաև նրանց՝ երկրում մնալու, Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու և հայապահպանության խնդիրները լուծելու կարևորագույն գործոն:

Այդ օրերին իրաքահայ համայնքը ՀՀ իշխանություններին տրամադրել էր իր սեփականությունը հանդիսացող կառույցներից մեկը՝ որպես ապագա դեսպանության շենք: Իրաքի կառավարությունը նույնպես համապատասխան քայլեր էր ձեռնարկում Երևանում դեսպանություն բացելու ուղղությամբ, և արդեն հայտնի էր դեսպանի անունը, որը պետք է ներկայացներ Իրաքը մեր երկրում:

Ահավասիկ, մենք մեկնում էինք Բաղդադ՝ մասնակցելու ՀՀ դեսպանության բացման արարողությանը, հանդիպելու համայնքի հետ, ծանոթանալու երկրում տիրող իրավիճակին, ինչպես նաև Իրաքի իշխանությունների հետ քննարկելու համագործակցության հնարավորությունները տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում:

Թարեք Ազիզը՝ հետաքրքիր ուղեկից
Օդանավակայանում մեզ դիմավորեց փոխվարչապետ Թարիք Ազիզը: Ես մոտիկից հետևում էի Ազիզի գործունեությանը. 1983-1991 թթ. նա եղել էր Իրաքի արտգործնախարարը, իսկ Պարսից ծոցի պատերազմին նախորդած ու հաջորդած ժամանակաշրջաններում միջազգային ասպարեզում և լրատվամիջոցներում նա Իրաքը ներկայացնող դեմքն էր:

Ազիզը քրիստոնյա էր, Միքայել Յոհաննա անունով և չէր պատկանում Սադամ Հուսեյնի թիքրիթյան կլանին, որից հիմնականում կազմված էր Հուսեյնի շրջապատը: Նա մեծ հմտությամբ ու ճկունությամբ կարողացել էր հաղթահարել և վերապրել Իրաքի ներքաղաքական դաժան դրսևորումները: Հեռուստաէկրանը նրա դեմքը ճանաչելի էր դարձրել բոլորի համար՝ փարթամ բեղերով, լայն շրջանակով ու հաստ ապակիներով ակնոցով: Նա հայտնի էր նաև սիգարի հանդեպ ունեցած իր սիրով, ինչը նրա մշտական ուղեկիցն էր ամբողջ այցի ընթացքում:

Ազիզը մեզ շատ ջերմ դիմավորեց օդանավակայանում: Կարող եմ ասել, որ առաջին իսկ պահերից մեր միջև հաստատվեցին անկեղծ ու բարեկամական հարաբերություններ: Նա ինձ ուղեկցեց երկօրյա այցի ողջ ընթացքում. մենք հաճախ զրուցում էինք արաբերենով, և որովհետև ես նույնպես սիգար ծխում եմ, մեզ միավորում էր նաև այդ հանգամանքը: Այդ երկու օրերի ընթացքում Ազիզի հետ մեր պաշտոնական և ոչ պաշտոնական զրույցները չափազանց հետաքրքրական էին և խորքային, քանի որ փոխադարձ հետաքրքրություն կար մեր համապատասխան տարածաշրջանների վերաբերյալ:

Ինձ միշտ հրապուրել է արաբական քաղաքականությունը, և դժվար էր գտնել ավելի հարմար անձ, որը կարող էր բացատրություն տալ Իրաքում և հարևան երկրներում ընթացող իրադարձությունների, Ծոցի պատերազմի պատճառների, դրա հետևանքների և տարածաշրջանի հեռանկարների մասին: Ազիզը, մասնագիտությամբ լինելով լրագրող և նախկինում՝ արտգործնախարար, մեծ հետաքրքրություն ուներ աշխարհում ընթացող իրադարձությունների հանդեպ: Նրան հետաքրքրում էին նաև իրավիճակը Հայաստանում, Կովկասում, ԽՍՀՄ փլուզումից հետո այնտեղ տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Այդ առումով այցի երկու օրերը չափազանց բովանդակային էին ու հետաքրքիր:

Մեզ տեղավորել էին «Ալ Ռաշիդ» հյուրանոցում: Այս հյուրանոցը հայտնի էր նրանով, որ դրա գլխավոր մուտքի առջև տեղակայված էր Ջորդ Բուշ Ավագի դիմանկարը այնպիսի չափերով, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէր ցատկել դրա վրայով և չտրորել նախագահ Բուշի դեմքը. դա, իհարկե, հատուկ էր արված, որպեսզի հյուրանոցի յուրաքանչյուր այցելու ստիպված լիներ այս կերպ «ստորացնել» ԱՄՆ-ի նախագահին:

Հյուրանոցում մեզ հանձնվեց մեր այցելության երկու օրերի ծրագիրը, որում նախատեսված էին բազմաթիվ հանդիպումներ, սակայն հանդիպում նախագահ Հուսեյնի հետ այդ ծրագրով նախատեսված չէր: Արարողակարգի աշխատակիցները, սակայն, չէին բացառում, որ հանդիպումը Իրաքի նախագահի հետ կարող է ներառվել վերջին պահին: Դա արաբական, հատկապես ավտորիտար երկրներում ընդունված պրակտիկա էր. որևէ պատվիրակության երկրի առաջին դեմքի հետ հանդիպում չէին նշանակում: Այն պայմանավորված էր լինում այլ հանգամանքներով, և միայն այցի ընթացքում էին որոշում՝ հանդիպում կլինի, թե ոչ: Մի ամբողջ օր մենք չգիտեինք՝ կկայանա՞ հանդիպում Իրաքի նախագահի հետ, թե՞ ոչ:

Մեր ժամանման օրը մենք կատարեցինք դեսպանատան բացումը, հանդիպեցինք հայ համայնքի հետ, ունեցանք մի քանի պաշտոնական հանդիպումներ:
Երկար ճանապարհ մինչև Սադամ

Հաջորդ օրը՝ փետրվարի 26-ին, առավոտյան ժամը 9-ին, մենք ողջ կազմով արդեն փոխնախագահի գրասենյակում էինք՝ Թահա Հուսեյն Ռամադանի հետ հանդիպմանը: Հանդիպումից ընդամենը մի քանի րոպե էր անցել, երբ ներս մտավ մի պաշտոնյա և փոխնախագահի ականջին ինչ-որ բան շշնջաց: Փոխնախագահը շրջվեց դեպի ինձ և ասաց. «Պարո՛ն նախարար, ռայիսը (այդպես էին անվանում Հուսեյնին, նշանակում է «ղեկավար») սպասում է ձեզ»: Ես, բնականաբար, շնորհակալություն հայտնեցի և վեր կացա: Այդ նույն պաշտոնյան, որը բերել էր հանդիպման լուրը, ինձ հայտնեց, որ Սադամի հետ հանդիպմանը, ինձանից բացի, պատվիրակությունից կարող է մասնակցել միայն մեկ անձ: Ես ինձ հետ տարա իմ խորհրդական, արևելագետ Դավիթ Հովհաննիսյանին, որը մինչ այդ Սիրիայում ՀՀ գործերի հավատարմատարն էր:

Փոխնախագահի մոտ եկած այդ նույն պաշտոնյայի ուղեկցությամբ մենք դուրս եկանք սենյակից, իսկ պատվիրակության մյուս անդամներին ուղեկցեցին հյուրանոց:

Մեզ ուղեկցեցին դեպի շենքի մեկ այլ ելք: Այստեղ մեզ սպասում էին բոլորովին այլ մեքենաներ ու այլ դեմքեր՝ այլ էին և՛ ուղեկցողները, և՛ անվտանգության աշխատակիցները: Ուղևորվեցինք դեպի հանդիպման ենթադրյալ վայրը: Սադամ Հուսեյնը հայտնի էր իր նախագահական պալատներով. ասում էին, որ միայն Բաղդադում նա յոթ շքեղ պալատ ունի: Ես, բնականաբար, ենթադրում էի, որ հանդիպումը տեղի կունենա այդ պալատներից մեկում: Մեքենայով մի քանի րոպե երթևեկելուց հետո, մենք մուտք գործեցինք մի շքեղ պալատ, որտեղ մեզ ուղեկցեցին մի սենյակ: Այնտեղ մեզ անմիջապես հյութեր ու սուրճ հյուրասիրեցին: Դավիթ Հովհաննիսյանը և ես ամեն պահ ակնկալում էինք, որ ներս կմտնի կա՛մ ինքը՝ Սադամ Հուսեյնը, կա՛մ մեզ կուղեկցեն հարակից սենյակ՝ հանդիպման համար: Սակայն քսան րոպե անց մեզ մոտեցավ մեկ այլ անձնավորություն և ասաց, որ հետևենք իրեն: Մենք դուրս եկանք այդ սենյակից և այդ պալատից: Մեզ նորից սպասում էին այլ մեքենաներ, այլ ուղեկցողներ և անվտանգության այլ աշխատակիցներ: Նորից սլացանք մեզ անհայտ ուղղությամբ: Հինգ կամ յոթ րոպե երթևեկելուց հետո մուտք գործեցինք մեկ այլ պալատ՝ ենթադրելով, որ հանդիպումը կկայանա հենց այստեղ:
Մեզ ուղեկցեցին մի սենյակ, որտեղ տեղի ունեցավ հյութերի ու սուրճի նույն հյուրասիրությունը: Մի քանի րոպե անց սենյակ մտավ Թարեք Ազիզը: Սա կարծես թե հավաստիացում էր, որ Սադամի հետ հանդիպումը տեղի կունենա հենց այստեղ: Մենք ողջագուրվեցինք և սկսեցինք զրուցել: Քիչ անց սենյակ մտավ Հուսեյնի կրտսեր որդին՝ Քուսեյը: Նրա դեմքն ինձ բնականաբար ծանոթ էր, մենք ողջունեցինք միմյանց, և զրույցն ընթացավ արդեն չորսիս միջև: Քուսեյը դրվագներ էր պատմում իր մանկությունից՝ հիշատակելով, որ իրենց խնամող ու մեծացնող դայակը հայուհի էր, որն անդադար խոսում էր հայերի ու Սովետական Հայաստանի մասին: Քուսեյն ասաց, որ շնորհիվ իր դայակի՝ ինքը և իր մեծ եղբայրը որոշ ժամանակ նույնիսկ խոսում էին հայերեն, սակայն հետո մոռացել են լեզուն: Սադամի որդին հիշեց նաև, որ իր դայակը երազում էր անկախ Հայաստանի մասին: Նա ասաց, որ շատ ուրախ է, որ այդ կնոջ երազանքն իրականացել է: Քուսեյը շնորհավորեց մեզ այդ կապակցությամբ և հույս հայտնեց, որ երկու երկրները բարեկամական կապեր կհաստատեն ու կզարգացնեն:

Ես, իհարկե, համաձայնեցի այդ ամենին, մտածեցի, որ այդ կինը հավանաբար դաշնակցական է եղել: Ես հաստատեցի մեր ցանկությունը երկու երկրների միջև հարաբերությունները խորացնելու վերաբերյալ: Զրույցը տևեց տասը րոպե, որից հետո Թարեք Ազիզն ասաց, որ արդեն նախագահի հետ հանդիպմանը մեկնելու ժամանակն է: Պարզվեց, որ հանդիպումը մեկ այլ տեղ է լինելու: Մենք դուրս եկանք շենքից, և մեզ այս անգամ էլ սպասում էին այլ մեքենաներ, այլ ուղեկցողներ և անվտանգության այլ աշխատակիցներ: Այս անգամ, սակայն, Ազիզը նստեց ինձ հետ նույն մեքենան, և մենք ուղևորվեցինք Սադամ Հուսեյնի հետ հանդիպման վայրը:

Այն բավական հեռու էր. ես հիշում էի օդանավակայանից դեպի քաղաք տանող ճանապարհը, և մենք կարծես թե ուղևորվում էինք այդ ճանապարհով: Հետո թեքվեցինք մայրուղուց ու սլացանք մեկուսի անապատային ճանապարհով և, վերջապես, անցնելով երկու ստուգման կետեր, մտանք նախորդ պալատների համեմատությամբ բավական համեստ մի կառույց: Այն նման էր զորանոցի, սակայն ներսում բավական շքեղ կահավորված էր: Մտանք նախասրահ և սկսեցինք զրուցել:

Կողքի սենյակում, որի դուռը կիսաբաց էր, եռուզեռ էր. տեղադրվում էին հեռուստա- և ֆոտոխցիկներ, և պարզ էր, որ հանդիպումն իրոք այստեղ է լինելու: Աչքի ծայրով տեսա, որ Սադամ Հուսեյնը մտավ սենյակ: Անմիջապես հայտնվեց մի անձ, որը Թարեք Ազիզին խնդրեց դուրս գալ սենյակից: Ես ենթադրեցի, որ Հուսեյնը ցանկանում է Ազիզի հետ մի փոքր զրուցել մեր հանդիպումից առաջ: Այդ պահին ինձ մոտեցավ մի պաշտոնյա, որն ասաց հետևյալը. «Պարոն նախարար, երեկվա ընթացքում մենք դիտում էինք Ձեզ և նկատեցինք, որ հանդիպումների ժամանակ Դուք սովորություն ունեք ոտքը ոտքի վրա դնել:

Պետք է Ձեզ խնդրեմ, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ նման բան չանեք, նա դա չի սիրում»: Ես ասացի, որ խնդիր չեմ տեսնում:

Մի քանի րոպե անց պետք է հանդիպեի մի մարդու հետ, որը արաբական աշխարհի ամենադաժան առաջնորդներից մեկն էր: Նա ոչ միայն ֆիզիկապես ոչնչացրել էր իր քաղաքական հակառակորդներին, այլև իր իսկ ընտանիքի՝ դավաճանության մեջ մեղադրվող անդամներին: Նա քիմիական զենք էր կիրառել Իրաքի հյուսիսում ապրող քրդերի դեմ:

Սակայն նա իրեն նաև հռչակել էր արաբական աշխարհի միավորման, իմպերիալիզմից ձերբազատվելու գլխավոր ջատագովը: Սադամը համարում էր, որ դա է պատճառը, որ Արևմուտքը իրեն ճնշումների է ենթարկում, և դրանով էր արդարացնում իր դաժան գործողությունները:

Իրականում, Երկրորդ աշխարհամարտից հետո արաբական աշխարհը պատուհասած դժբախտությունների պատճառը եղել է հենց այդպիսի մտածողությունը:

Մի քանի րոպե անց ինձ հրավիրեցին կողքի սենյակ, որտեղ ինձ ողջունեց Սադամ Հուսեյնը: Մենք տեսախցիկների առջև մի քանի հաճոյաբանություն փոխանակեցինք, ինչից հետո նկարահանողները դուրս եկան սենյակից:

Հուսեյնը իր անթերի կարված կոստյումի գրպանից հանեց կաշվե սիգարի տուփ և ինձ հյուրասիրեց մեծ չափսի կուբայական սիգար: Այդ պահին վստահ չէի՝ դա նվեր էր, թե հյուրասիրություն: Սակայն երբ նա վերցրեց երկրորդը և անմիջապես վառեց այն, ես նույնպես վառեցի իմը, և սիգարի բուրավետ ամպի ներքո սկսեցինք մեր զրույցը:

Նա հարցրեց Հայաստանի մասին, հետաքրքրվեց Կովկասում տեղի ունեցող գործընթացներով, հարցրեց մեր հարևանների հետ հարաբերությունների մասին, հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի: Մի փոքր խոսեցինք նաև Լեռնային Ղարաբաղի մասին: Ես, բնականաբար, հարցրեցի Իրաքի ներքին վիճակի ու հեռանկարների մասին: Նա խոսեց նաև Իրաքում հայ համայնքի մասին, գովասանքի խոսքեր ասաց՝ հայերին նկարագրելով որպես Իրաքի վստահելի, աշխատասեր և հավատարիմ քաղաքացիներ: Նա նաև պատմեց, որ իր անմիջական շրջապատում կան բազմաթիվ հայեր, որոնց վստահում է: Պատմեց, թե ինչպես էր իր հայ դերձակը Ծոցի պատերազմի ժամանակ մեկնել Միացյալ Նահանգներ, իսկ վերջերս զանգահարել էր իրեն ու խնդրել, որ իրեն թույլ տրվի վերադառնալ Իրաք: Սադամն ընդառաջել էր, և դերձակն արդեն Իրաքում էր: Հետո նա անցավ իրեն հետաքրքրող այլ հարցերի. խոսեց Արաբական աշխարհի միասնության մասին, այն մասին, թե ինչպես է իր՝ այդ միասնության ստեղծման քաղաքականությունը հանդիպում Արևմուտքի դիմադրությանը, այն մասին, որ այն, ինչ արվեց Պարսից ծոցի պատերազմի ընթացքում, հետապնդում է միայն ու միայն մեկ նպատակ՝ կանխել այդ երազանքի իրականացումը, ինչը կբերեր Արաբական աշխարհի միավորմանը, զարգացմանը և Պաղեստինի հարցի լուծմանը:

Քառասունհինգ րոպե տևած հանդիպումից հետո մենք վերադարձանք հյուրանոց: Երեկոյան պատրաստվում էինք վերադառնալ Երևան, երբ հայտնեցին, որ Իրաքի նավթի ու գազի նախարարը կցանկանար հանդիպել ինձ հետ: Հանդիպումն անմիջապես կազմակերպվեց, որի ժամանակ նախարարն ինձ հայտնեց, որ արդեն հանձնարարական ունի նախագահ Հուսեյնից, որպեսզի Հայաստանին՝ որպես բարեկամ երկրի, նավթային հաջորդ քվոտայից յուրաքանչյուր ժամանակահատվածի համար տրամադրվի 5 միլիոն բարել նավթ՝ զեղչված գներով: Հետագայում պարզվեց, որ Սադամը նման ժեստ էր անում բոլոր այն երկրների հանդեպ, որոնց համարում էր Իրաքի բարեկամ. դրանց թվում էին Ռուսաստանը, Ֆրանսիան, մի շարք ասիական ու աֆրիկյան երկրներ:

Անավարտ գործարք
Ամիսներ անց, երբ եկել էր նշված քվոտան ստանալու ժամանակը, մեզ տեղեկացրին, որ Երևանը պետք է ներկայացուցիչ ուղարկի Բաղդադ՝ առարկայական բանակացություններ վարելու՝ նավթի մեր բաժինը ստանալու համար: Գործարքի մանրամասները, հատկապես դրա օրինականությունը մեզ համար թերևս անորոշ էին. մենք դեռ վստահ չէինք՝ արժե՞ օգտվել այդ առաջարկից, թե՞ ոչ: Համենայնդեպս, որոշվեց ներկայացուցիչ ուղարկել, որը պետք է հանդիպեր համապատասխան մարմինների հետ և պարզեր գործարքի մանրամասները, ինչից հետո մենք որոշում կկայացնեինք՝ արժե օգտվել մեզ հատկացրած նավթաբաժնից, թե ոչ:

2001թ. սեպտեմբերի 11-ին փոխարտգործնախարար Արմեն Մարտիրոսյանն ուղևորվեց Իրաք: Նա այդ օրը պետք է մեկներ Դամասկոս, իսկ այնտեղից՝ Բաղդադ: Նույն օրը երեկոյան ժամը 6-ին մոտ իմ աշխատասենյակում էի, երբ ներխուժեց օգնականս: Նա հայտնեց, որ նախասրահի հեռուստացույցով ընթանում է CNN-ի ուղիղ եթերը, որը ես անպայման պետք է դիտեմ: Արդեն երկրորդ ինքնաթիռն էր մխրճվել Նյու Յորքի Առևտրի կենտրոնի աշտարակի մեջ: Ակնհայտ էր, որ սա լրջագույն մարտահրավեր է Միացյալ Նահանգներին:

Անմիջապես զանգահարեցի Արմեն Մարտիրոսյանին, որը դեռ օդանավակայանում էր, և ասացի, որ վերադառնա նախարարություն:

Այդ պահին ինձ համար միանգամայն պարզ էր, որ աշխարհը փոխվեց, և այլևս նույնը չի լինելու: