Կրիտիկական ԱՊՊԱ

Այս տարվա առաջին եռամսյակում ԱՊՊԱ ոլորտում վնասաբերության մակարդակն ընդհուպ մոտեցել է սակագնի հաշվարկման հիմքում դրված 78% ցուցանիշին (կազմել է 76,3%)։ Եղանակային ոչ բարենպաստ պայմանները, գերակշռող կարճաժամկետ պայմանագրերը, ինչպես նաև չապահովագրված ավտոմեքենաների առկայությունը հանգեցրել են նրան, որ ոլորտի վնասաբերությունը մարտին ավելացել է մոտ 6-տոկոսային կետով։

Ըստ ԱՊՊԱ սակագնի հիմքում դրված հաշվարկի՝ ապահովագրական ընկերությունները հավաքագրված յուրաքանչյուր ֌100 ապահովագրավճարից ֌78-ն ուղղում են հատուցման։ Այս տարվա առաջին եռամսյակում ապահովագրական ընկերությունները յուրաքանչյուր ֌100-ից հատուցման են ուղղել ֌76,3-ը (վնասաբերությունը՝ 76,3%)։ Համեմատության համար նշենք, որ հունվար-փետրվարին ԱՊՊԱ վնասաբերությունը կազմել է 70%։

Հատկանշական է՝ թե՛ 2010թ. և թե՛ 2011թ.ապահովագրական ընկերությունները հայտարարում էին, որ վնասաբերության 70% ցուցանիշն արդեն կրիտիկական է։ Օրինակ՝ 2010թ. վերջին Երևանում «Ռոսգոսստրախ» ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովն ասում էր, որ ավտոապահովագրողների վնասաբերությունը պետք է լինի 70%-ից ոչ ավելի, հակառակ դեպքում ընկերությունները չեն կարողանա տեղավորվել սակագների մեջ։

Եղանակն ընդդեմ ապահովագրողների
2012թ. առաջին եռամսյակում առկա է եղել մոտ 334 հազ. ԱՊՊԱ պայմանագիր, ապահովագրավճարների ծավալը կազմել է ֌8,46 մլրդ։ Մարտին ԱՊՊԱ պայմանագրերի թիվն ավելացել է 2,3 հազ-ով։ Նույն այս ժամանակահատվածում Հայաստանում առկա է եղել մոտ 50 հազ. հաշվառված, բայց չապահովագրված ավտոմեքենա։

Չնայած մարտին ավելացել են ԱՊՊԱ պայմանագրերը, ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ պորտֆելում շարունակել են գերակշռել կարճաժամկետները։ Դրա մասին վկայում է նաև ԱՊՊԱ պայմանագրերի միջին սակագինը։ Այսպես՝ այս տարվա առաջին երկու ամիսներին մեկ պայմանագրի միջին սակագինը կազմել է ֌23,5 հազ., 1-ին եռամսյակում՝ ֌25,4 հազ.։ Համեմատության համար նշենք, որ անցած տարի ցուցանիշը ֌37,7 հազ. է եղել։

Նշենք նաև, որ ԱՊՊԱ պայմանագրի նվազագույն սակագինը ֌25 հազ. է (մինչև 80 ձիաուժ շարժիչի հզորությամբ ավտոմեքենայի և 23 տարեկանից բարձր և 3 տարուց ավելի վարորդական փորձ ունեցող վարորդների համար)։ ԱՊՊԱ ոլորտում կարճաժամկետ պայմանագրերի գերակշռումը իր հերթին նշանակում է հավաքագրվող ապահովագրավճարների փոքր ծավալ։

Մյուս կողմից՝ ապահովագրական ընկերությունների համար մարտին նպաստավոր չէին նաև եղանակային պայմանները։ Այսպես՝ անցած ամիս հատուցման դիմումների քանակը գրեթե նույնքան է եղել, որքան այս հունվար-փետրվարին միասին վերցված (բավարարվել է 6,4 հազ. պայմանագիր)։ Մարտին ապահովագրական ընկերությունները բավարարել են մոտ 4,6 հազ. հատուցման դիմում՝ վճարելով ֌828 մլն, կամ մեկ ԱՊՊԱ պայմանագրի գծով միջինը ֌180 հազ.։ Համեմատության համար նշենք, որ հունվար-փետրվարին հատուցման միջին գումարը կազմել է ֌212 հազ.։

Հետաքրքրական է, որ այս պայմաններում մարտին հատուցման միջին գումարը ոչ թե պետք է կրճատվեր, այլ առնվազն մնար նույնը։ Ստացվում է, որ անցած ամիս ցուցանիշի նվազումն ավելի շատ «սուբյեկտիվ» գործոնի արդյունք է եղել։ Ընկերությունները պարզապես որոշել են նվազեցնել վճարման ենթակա ապահովագրական հատուցման չափը, հակառակ դեպքում դուրս կգային վնասաբերության շեմից։

Առաջիկա ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ամենայն հավանականությամբ, կզիջի 1-ին եռամսյակի միջին ցուցանիշին, ավելանալու է նաև ապահովագրավճարների ծավալը, քանի որ կարճաժամկետ պայմանագրերը ենթակա են վերակնքման։ Սա նշանակում է, որ վնասաբերությունը նվազման միտում կունենա, և տարեկան ցուցանիշն ի վերջո չի գերազանցի 78%-ը։ Այդուհանդերձ, ընկերությունները նախընտրել են մարտին կրճատել մեկ պատահարի գծով ապահովագրական հատուցման չափը։

Սակագնի բարձրացումն իրատեսական չէ
Նշենք, որ թեև ԱՊՊԱ ոլորտում վնասաբերությունն անցած տարվա 2-րդ կիսամյակում և այս տարվա 1-ին եռամսյակում աճի տրենդ է ունեցել, ապահովագրական ընկերություններն ի զորու չեն «ճնշել» Ավտոապահովագրողների բյուրոյին և ստիպել վերանայել սակագները։ Ապահովագրական ընկերությունների միակ հույսը գալիք տարվանից ներդրվելիք «Բոնուս-Մալուս» համակարգն է (ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ, որի համար հիմք է ընդունվում վարորդական պատմությունը)։ Այս համակարգը ենթադրում է, որ բարեխիղճ վարորդների համար ԱՊՊԱ պայմանագրերն ավելի էժան են լինելու՝ համեմատ անբարեխիղճների։