Մուբարաքի զինակիցները՝ քաղաքական մեկուսացման մեջ

Փաստաթուղթը, մասնավորապես, արգելում է նախագահի պաշտոնում առաջադրվել նրանց, ովքեր մինչև Մուբարաքի պաշտոնաթողության պահը «տասը տարվա ընթացքում զբաղեցրել են փոխնախագահի, վարչապետի, նախկին իշխող Ազգային-դեմոկրատական կուսակցության ղեկավարի կամ գլխավոր քարտուղարի պաշտոնները, եղել են կուսակցության քաղխորհրդի կամ քարտուղարության անդամ»։ Օրենքը չի տարածվում նախկին նախարարների վրա։ Այդպիսով՝ Արաբական պետությունների լիգայի նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսան, որը Հոսնի Մուբարաքի կառավարման տարիներին գլխավորել է նաև Եգիպտոսի արտգործնախարարությունը, նախագահի պաշտոնի թեկնածուների ցուցակում կմնա։

Եգիպտոսի նախագահական ընտրությունների հիմնական ինտրիգն այժմ այն է, թե կհաջողվի արդյոք մրցապայքարում մնալ նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկին։ Բանն այն է, որ եգիպտական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օրենքն ուժի մեջ է մտնելու ապրիլի 27-ին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է թեկնածուների վերջնական ցուցակը հրապարակի ապրիլի 26-ին, ու հնարավոր է՝ Շաֆիկին հաջողվի սպրդել։

Հիշեցնենք, որ Եգիպտոսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի վաղ արդեն իսկ արգելել էր ընտրություններին մասնակցել Մուբարաքի զինակից, նախկին փոխնախագահ և Ընդհանուր հետախուզության նախկին ղեկավար Օմար Սուլեյմանին, որը նախընտրական արշավի ֆավորիտներից մեկն էր համարվում։

Եգիպտոսում նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է մայիսի 23-24-ին։ Նախագահական այս ընտրություններն առաջինը կլինեն 2011թ․ փետրվարին Հոսնի Մուբարաքի պաշտոնաթողությունից հետո։