Intel-ը ներկայացրել է 3-րդ սերնդի քառամիջուկային պրոցեսորներ

Intel ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է 3-րդ սերնդի քառամիջուկային պրոցեսորների նոր շարքը, որոնց հիման վրա նախագծվում են բարակ և թեթև ուլտրաբուքներ:

Intel-ն իր տարածած հաղորդագրությունում չի նշում նոր պրոցեսորների շարքի անվանումը: Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ,հավանաբար, դրանք երկար սպասված Ivy Bridge պրոցեսորներն են, որոնք գալիս են փոխարինելու Sandy Bridge պրոցեսորներին:

3-րդ սերնդի պրոցեսորներում օգտագործվող տեխնոլոգիան ապահովում է 20%-ով ավելի մեծ արագություն, քան Sandy Bridge չիպերը:

«Մեր նախագծողները գերազանցել են մեր սպասելիքները՝ կրկնակի բարելավելով մեդիա և վիզուալ նյութերի հետ աշխատանքը»,- նշել է Intel-ի փոխնախագահ Քըրք Սկաուգենը:

Նոր պրոցեսորները նախատեսված են թե՛ նոթբուքների, թե՛ սեղանի համակարգիչների համար: Ընկերությունը խոստացել է ընդլայնել պրոցեսորների շարքը՝ ուլտրաբուքների համար: Ակնկալվում է, որ 2012թ. շուկայում կհայտնվեն ավելի քան 75 ուլտրաբուքների մոդելներ, որոնց թվում կլինեն Intel-ի պրոցեսորներով աշխատող ուլտրաբուքներ:

Մեկնաբանել