Իսլանդիայի վարչապետին չեն պատժի ճգնաժամի համար

Մեղավոր ճանաչվելու դեպքում՝ Հորդեին սպառնում էր երկու տարի ազատազրկում։ Միաժամանակ՝ նախկին վարչապետը մեղավոր է ճանաչվել իր դեմ ներկայացված մեղադրանքի կետերից մեկով, որի համաձայն՝ նախքան ճգանաժամը նա կառավարության նիստ չի գումարել։ Այս մեղադրանքը սակայն բավարար չէր Հորդեին ազատազրկելու համար։

Հիշեցնենք, որ չորս տարի առաջ Իսլանդիայի բանկային համակարգի ծայրահեղ դրությունը իշխանություններին ստիպել էր ազգայնացնել խոշորագույն բանկերն ու դիմել արտաքին ֆինանսական օգնության։ 2009թ. Հորդեի գլխավորած կառավարությունը հրաժարական էր տվել, իսկ 2010թ. ապրիլին հատուկ հանձնաժողովը բացահայտել էր, որ նախկին վարչապետը թաքցրել է երկրի ֆինանսական ինստիտուտների կոլապսի վտանգի մասին տեղեկատվությունը։

Ի պաշտպանություն իրեն՝ Հորդեն դատարանում հայտարարել է, որ ո´չ ֆինանսական կարգավորիչները, ո´չ բանկիրները չեն կարողացել գիտակցել խնդրի մասշտաբները։ Նախկին վարչապետը հիշեցրել է նաև, որ ճգնաժամի ժամանակ խոշոր բանկերը սնանկացել են մյուս ընկերներում ևս։ 

Նշենք, որ Հորդեի դատավարությունը վարում էր Landsdomur հատուկ դատարանը, որը հիմնվել է դեռ 1905թ.՝ պետական պաշտոնյաների գործերը քննելու համար։ Մինչ այս Landsdomur-ը ոչ մի դատական նիստ չի գումարել։ Այս առումով Իսլանդիայի նախկին վարչապետը կրկնակի առաջատար է՝ նա արդարադատության հատուկ մարմնի առաջին ամբաստանյալն է և ներկայիս ճգնաժամում մեղավորների պաշտոնական ցուցակի առաջին «համարը»։