Դեպի Վան` Հորադիզով ու Քարվաճառով

Ինչո՞ւ ենք այդպես զգայուն այս հարցի շուրջ: Պատճառներն ավելի քան պարզ են: Մեզ սպանել են, հայրենազրկել, սփռել աշխարհում: Եվ շատ բնական է մեր արձագանքը:

Ի՞նչ ենք ուզում: Ուզում ենք ներողության հայցում, փոխհատուցում ենք ուզում, մեզանից խլված հայրենիքն ենք ուզում: Պատմության մեջ մեր ամենամեծ նվաստացումն ապրիլի 24-ին էր սկսել, և արժանապատվություն ենք պահանջում: Նորմալ է, բայց ինչպե՞ս, ումի՞ց: Անդրօվկիանոսյան ինչ-որ սենատորից կամ իր իդենտիկության ու ռասայի մեջ չկողմնորոշվող ինչ-որ նախագահի՞ց:

Տասնյոթ տարի առաջ հայության մի հրաշալի սերունդ՝ 70-ականների սկզբի և դրանից առաջ ծնվածների սերունդը, ցույց տվեց, թե ինչպես են հայրենիք պահանջում: Պահանջեց ու ստացավ Հայրենիքի արևելյան կողմի մի մասը: Մոտ 12 հազ. քառ. կմ:

Ցավոք այդ նույն սերնդի ապաշնորհության պատճառով հայրենիքի այդ 12 հազ. քառ. կմ-ը մնում է թերբնակեցված, որոշ շրջաններ՝ չբնակեցված: Այդ նույն սերնդի բարձրագույն պատասխանատվություն ստանձնած ներկայացուցիչներից մեկը նույնիսկ հպարտությամբ է խոսում չբնակեցնելու մասին: Ոմանք նույնիսկ մտածում են հետ բերած հայրենիքի մի մասը հանձնելու մասին: Նույնիսկ… որ հետո գնան՝ ընկնելու ինչ-որ անդրօվկիանոսյան սենատորների ու էլի ոմանց ոտքերը, թե գիտե՞ք, հայրենիք չունենք, մեր հանդեպ անարդար են եղել:

Ապրիլի 24-ին հայության հայացքներն ուղղված են Ծիծեռնակաբերդին: Որ այնտեղից պրոյեկտվեն դեպի Վան, էրզրում ու Հայրենիքի այլ մասեր…
Պետք չէ:

Ապրիլի 24-ին մեր հայացքները պետք է ուղղված լինեն Քարվաճառին ու Հորադիզին, Կովսականին ու Ջրակնին: Հայացքները չէ, մեր գործունեությունը պետք է ուղղված լինի նրանց. որովհետև Վան տանող ճանապարհը Հորադիզով է անցնում ու Քարվաճառով:

Մեկնաբանել