Չեխիայի կառավարությանը անվստահության քվե է սպառնում

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, քվեարկությունը նշանակված է ապրիլի 27-ին։ Նեչասը նշել է, որ եթե պատգամավորները վստահություն չհայտնեն կառավարությանը, ինքը ձգտելու է խորհրդարանի լուծարմանն ու վաղաժամ ընտրությունների անցկացմանը։ Չեխիայի վարչապետի խոսքով՝ խորհրդարանի լուծարման մասին որոշումը կարող է կայացվել արդեն մայիսի 3-ին։ Վաղաժամ ընտրություններն այդ դեպքում կանցկացվեն հունիսի վերջին։

Կառավարությանը վստահություն հայտնելու հարցը Պետր Նեչասը խորհրդարանի քննարկմանն է դրել ապրիլի 22-ին իշխող կոալիցիայի փլուզումից հետո, որի կազմում էին Չեխիայի աջակենտրոն երեք կուսակցությունները՝ Քաղաքացիական դեմոկրատական կուսակցությունը, «Հասարակական գործերը» և «ՏՕՊ 09»-ը։ Նեչասը, որը «Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության» առաջնորդն է, պնդել էր, որ կոալիցիոն համաձայնագիրը չեղյալ հայտարարվի այն բանից հետո, երբ կաշառակերության մեջ մեղադրվող «Հասարակական գործեր»-ի պատգամավոր Վիտ Բարտան հրաժարվել էր լքել խորհրդարանը։

2010թ․ մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Քաղաքացիական դեմոկրատական կուսակցությունը զբաղեցրել էր երկրորդ տեղը։ Առաջին տեղն այդ ժամանակ զբաղեցրել էր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, սակայն նրան չէր հաջողվել մյուս կուսակցությունների հետ համաձայնության գալ կոալիցիայի ձևավորման շուրջ։

Մեկնաբանել