Հոգևոր ծես` Հաագայում Թուրքիայի դեսպանության դիմաց

Հաագայում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը կազմակերպել է ջահերով երթ դեպի Թուրքիայի դեսպանություն: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, երթը սկսվել է Նիդեռլանդների խորհրդարանի դիմացի «Het Plain» հրապարակից, որտեղ հավաքված մասնակիցները` «Արդարություն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին» կարգախոսներով և ազգային երգերի կատարմամբ, քայլարշավով շարժվել են դեպի Հաագայում Թուրքիայի դեսպանություն: Վերջինիս դիմաց փոքր հոգևոր ծես է կատարվել` ի հիշատակ Ցեղասպանությանը զոհ գնացած նահատակների, որից հետո ցուցարարները մեկական մոմ են վառել «1,5» խորհրդանշական թվով: