Հիշատակի միջոցառումներ` Ֆրանսիայում

Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 22-ին մատուցվել է պատարագ`նվիրված հայ նահատակների հիշատակին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, Ֆրանսիայի գլխավոր տաճարում հայկական ծեսով տրված պատարագին, որտեղ քարոզը կարդացել է եպիսկոպոս Էրիկ դե Մուլեն-Բոֆորը, ներկա են եղել ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը, քաղաքական, պետական դեմքեր, դիվանագետներ, հազարավոր հայեր և օտարազգիներ:

Նույն օրը Աստվածամոր տաճարի հրապարակում Ժխտողականության դեմ պայքարի «ՎԱՆ» կազմակերպության նախաձեռնությամբ կանգնեցվել է զգոնության պատնեշ` ժխտողականության դեմ: Տասնյակ վահանակներ ներկայացրել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից մինչեւ 21-րդ դարի մի այլ՝ Դարֆուրի ցեղասպանության, ինչպես նաեւ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ու Մարաղայի ջարդերի մասին։

Հիշատակի միջոցառումներ են ընթացել նաև Ֆրանսիայի տասնյակից ավելի քաղաքներում, որոնց մասնակցել են քաղաքական, պետական և հոգևոր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Այս օրերին կազմակերպվում են տասնյակ բանախոսություներ Հայոց ցեղասպանության եւ ժխտողականության դեմ պայքարի թեմաներով: Հիշատակի պատարագներ են մատուցվում Ֆրանսիայի քառասունից ավելի հայկական եկեղեցիներում: Հայոց ցեղասպանության թեմային լայնորեն անդրադառնում է ֆրանսիական մամուլը։

Մեկնաբանել