ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, դիտել «Գիրքը որպես Ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրությունը, որը ներառում է շուրջ 300 հնատիպ ու սկզբնաղբյուրային նշանակության տպագիր փաստագրական նյութեր:
Ցուցադրությունը կազմակերպվել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ: Թանգարան-ինստիտուտում հանրապետության ղեկավարին ներկայացրել են թանգարանի՝ ցուցադրական ավելի մեծ հնարավորություններով նոր մասնաշենքի նախագիծը: