Բրազիլահայության ամենախոշոր ելույթը` Սան Պաուլոյում

Սան Պաուլո քաղաքի կենտրոնական` Ավենիդա Պաուլիստա պողոտայում ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված երթ: Մասնակցել են բրազիլահայ համայնքի կրոնական և աշխարհիկ բոլոր միությունների, կազմակերպությունների ղեկավարներն ու անդամները, հայ և բրազիլացի երիտասարդական, սկաուտական ջոկատներ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, քայլերթի մասնակիցները կրել են ցեղասպանության դրվագները պատկերող ցուցատախտակներ, ՀՀ դրոշներ, քարոզչական բրոշյուրներ:

Ցեղասպանությունը դատապարտող ներկա միջոցառումը բրազիլահայության վերջին տասնամյակների ամենախոշոր ելույթն էր:

Սան Պաուլոյի Հայ Առաքելական Սբ Գրիգոր եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություն, որին մասնակցել են ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը, Սան Պաուլոյում ՀՀ պատվո գլխավոր հյուպատոս Հիլդա Բուրմայանը, Սան Պաուլոյի քաղաքային խորհրդարանի պատգամավորներ և այլ բարձրաստիճան անձինք:

Պատարագներ են մատուցվել նաև Հայ կաթողիկե և Կենտրոնական ավետարանական եկեղեցիներում: Մասնակիցներն այցելել են Ցեղասպանության զոհերի նորաբաց հուշարձան:

Մեկնաբանել