Հուդայի դերը սպանել է բրազիլացի դերասանին

Բրազիլացի դերասան Տիագո Քլիմեկը մահացել է մնջախաղի ներկայացման ժամանակ, որում խաղում էր Հուդայի դերը:

Դերասանի մահվան պատճառը դժբախտ պատահարն է. Քլիմեկը պատահաբար խեղդվել է` Քրիստոսին նվիրված ներկայացման շրջանակում Հուդայի ինքնասպանությունը ներկայացնելու ժամանակ:

27-ամյա դերասանը կախված է մնացել չորս րոպե, մինչ մյուս դերասանները գիտակցել են, թե ինչ է կատարվում: Քլիմեկը հանվել է պարանից անգիտակից վիճակում և հոսպիտալացվել Իտարարա քաղաքի հիվանդանոցներից մեկը, որտեղ մեկ օր անց մահացել է:

Ներկայումս ոստիկանությունն ուսումնասիրում է այն գործիքը, որը Հուդայի ինքնասպանության դրվագում պետք է պահեր դերասանին:

Քրիստոսի թեմայով մնջախաղի ներկայացումները մեծ ժողովրդականություն են վայելում Լատինական Ամերիկայի երկրներում: Դրանց ժամանակ ներկայացվում են Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին օրերի դեպքերը` Խորհրդավոր ընթրիքը, Քրիստոսի խաչվելը և Հուդայի ինքնասպանությունը:

Մեկնաբանել