Մեքսիկայից ԱՄՆ ներգաղթը կարգավորվել է

2005-2010 թթ. Մեքսիկայից ԱՄՆ է ներգաղթել մոտ 1,4 մլն մարդ (այստեղ հաշվի է առնված նաև անօրինական ներգաղթը)։ Ընդ որում՝ այս նույն ժամանակահատվածում գրեթե նույնքան մեքսիկացի ներգաղթյալ լքել է Միացյալ Նահանգները։ Հետազոտությունում ասված է, որ ԱՄՆ-ը լքած մեքսիկացիների թիվը անգամ կարող է ավելի մեծ լինել, քան ներգաղթյալներինը։

Համեմատության համար նշենք՝ 1995-2000 թթ. Մեքսիկայից ԱՄՆ է ներգաղթել մոտ 3 մլն մարդ, իսկ նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ը լքել է 700 հազ.-ից պակաս մեքսիկացի։

Հետազոտողները ստեղծված իրադրությունը բացատրում են ԱՄՆ-ում գործազրկության բարձր մակարդակով, սահմանային վերահսկողության ուժեղացմամբ, անօրինական ներգաղթյալների առավել զանգվածային արտաքսումներով, Մեքսիկայում ծնելիության մակարդակի անկմամբ ու նրա տնտեսական իրադրության փոփոխություններով։

Համաձայն Pew Hispanic Center-ի տվյալների՝ 2011թ. դրությամբ ԱՄՆ-ում բնակվել է 5,8 մլն օրինական ներգաղթյալ Մեքսիկայից և 6,1 մլն անօրինական ներգաղթյալ. 2007թ. վերջիններից թիվը 7 մլն է կազմել։ Մեքսիկացիները կազմում են ԱՄՆ-ում բնակվող անօրինական ներգաղթյալների 58%-ը։