Վարչապետի հետ քննարկվել է տիեզերքի բնագավառում հայ-ռուսական համագործակցությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Մեքենաշինության գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտ» պետական դաշնային ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Սկորոբոգատովին և նույն հաստատության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Սերեդինին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում, որին ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, քննարկվել են տիեզերքի բնագավառում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները:

Մասնավորապես, զրուցակիները խոսել են կապի ոլորտում գործելու նպատակով հայկական կոմերցիոն արբանյակի հնարավոր արձակման հետ կապված հարցերի մասին: Որպես տվյալ ուղղությամբ կատարվելիք առաջին քայլ՝ նշվել է Էլեկտրակապի միջազգային միությունում գրանցման սահմանված գործընթացն սկսելու անհրաժեշտությունը: