Այս որոշումը ԿԸՀ-ն կայացրել է Եգիպտոսի Զինված ուժերի բարձրագույն խորհրդի՝ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի զինակիցների քաղաքական մեկուսակցման մասին օրենքը հաստատելուց հետո։ Այն, մասնավորապես, արգելում է նախագահի պաշտոնում առաջադրվել նրանց, ովքեր մինչև Մուբարաքի պաշտոնաթողության պահը «տասը տարվա ընթացքում զբաղեցրել են փոխնախագահի, վարչապետի, նախկին իշխող Ազգային-դեմոկրատական կուսակցության ղեկավարի կամ գլխավոր քարտուղարի պաշտոնները, եղել են կուսակցության քաղխորհրդի կամ քարտուղարության անդամ»։
Ահմեդ Շաֆիկը Հոսնի Մուբարաքի կառավարման տարիներին մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել բանակում, գլխավորել է քաղաքացիական ավիացիայի նախարարությունը և եղել է վարչապետ։
Երբ 2011թ. փետրվարին Մուբարաքը պաշտոնաթող եղավ, իսկ երկրի կառավարումն անցավ Զինված ուժերի բարձրագույն խորհրդին, Շաֆիկը ժամանակավորապես գլխավորեց կառավարությունը։ Սակայն նրա նշանակումը հանգեցրեց բողոքի զանգվածային ցույցերի. ցուցարարները պահանջում էին կառավարության ղեկավարի պաշտոնից հեռացնել Մուբարաքի զինակցին։ 2011թ. մարտի սկզբին Շաֆիկը հրաժարականի դիմում ներկայացրեց, Զինված ուժերի բարձրագույն խորհուրդն էլ ընդունեց այն։
Եգիպտոսի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի ապրիլի 26-ին, որից հետո կսկսվի նախընտրական արշավը։ Նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է մայիսի 23-24-ին։ Երկրորդ փուլի անհրաժեշտության դեպքում այն տեղի կունենա հունիսի 16-17-ին։