Apple-ը կրկնապատկել է փողերը

Ընթացիկ ֆինանսական տարվա 2-րդ եռամսյակում Apple-ը կրկնապատկել է շահույթը՝ գերազանցելով շուկայի կանխատեսումները։ Ընկերության երեկ հրապարակած ֆինանսական հաշվետվությունը վկայում է նաև Չինաստանում iPhone-ի և ԱՄՆ-ում ու մի շարք այլ երկրներում iPad-ի նոր տարբերակի մեծ պահանջարկի մասին։

Այսպես. 2012թ. հունվար-մարտ ամիսներին Apple-ի զուտ շահույթն ավելացել է 94%-ով՝ կազմելով $11,6 մլրդ կամ $12,3՝ մեկ բաժնետոմսի դիմաց՝ 2011թ. նույն ժամանակահատվածի $5,99 մլրդ-ի և $6,4-ի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում ընկերության շահույթը 2011թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համեմատ նվազել է 11%-ով, քանի որ Սուրբ ծննդյան տոներին նախորդող շրջանում Apple-ի վաճառքներն ավանդաբար իրենց բարձրակետում են։ Ընկերության եռամսյակային շահույթն ավելացել է 59%-ով՝ $24,7 մլրդ-ից հասնելով $39,2 մլրդ-ի։

Thomson Reuters-ի անցկացրած հարցմանը փորձագետները $36,8 մլրդ հասույթ և մեկ բաժնետոմսի դիմաց $10,06 շահույթ էին կանխատեսել։ Apple-ում կանխատեսել էին $32,5 մլրդ հասույթ և $8,5 շահույթ՝ մեկ բաժնետոմսի հաշվով։

«Այս հաշվետվությունը լիովին պետք է վերացնի բոլոր ներդրողների՝ Apple-ի ապագա ցուցանիշների վերաբերյալ կասկածները»,– ասել է ամերիկյան Harris Private Bank-ի գլխավոր ներդրումային տնօրենը, որի կողմից վերահսկվող $60-միլիարդանոց փաթեթում ներառված են նաև Apple-ի բաժնետոմսեր։

Անցած եռամսյակում Apple-ը, ընդհանուր առմամբ, վաճառել է տարբեր մոդելների 35,1 մլն iPhone, ինչը 88%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունը վաճառել է 11,8 մլն iPad (աճը՝ ավելի քան 151%)։ Համակարգիչների և Mac նոութբուքների վաճառքներն ավելացել են 7%-ով՝ կազմելով 4 մլն օրինակ, iPod մեդիանվագարկիչներինը՝ 15%-ով՝ մինչև 7,7 մլն միավոր։
Apple-ի հասույթում Չինաստանի մասնաբաժինն ավելացել է 20%-ով կամ $7,9 մլրդ-ով, ինչը, ըստ ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկի, երեք անգամ գերազանցում է անցած տարվա ցուցանիշը։ Կուկի խոսքով՝ 2010-ից ի վեր 67 մլն iPad է վաճառվել։ Mac համակարգիչներին համանման ցուցանիշ ապահովելու համար 24 տարի պահանջվեց։

Apple-ում ընթացիկ ֆինանսական տարվա 3-րդ եռամսյակի համար կանխատեսում են $34 մլրդ հասույթ, մեկ բաժնետոմսի դիմաց՝ $8,68 շահույթ։ Ըստ Ուոլ սթրիթի կանխատեսումների՝ ընկերության շահույթը կկազմի մեկ բաժնետոմսի հաշվարկով $9,93՝ $37,4 մլրդ հասույթի պայմաններում։