Այսօր Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Ապրիլի 25-ը Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` մոտ 3.3 մլրդ մարդ՝ աշխարհի բնակչության գրեթե կեսը, ենթակա է մալարիայով հիվանդանալու վտանգին:

Ամեն տարի 300-500 մլն մարդ է վարակվում այդ հիվանդությամբ, որոնց 1,3-3 մլն-ը մահանում է: Մալարիայի ամենաշատ դեպքերը գրանցվում են աֆրիկյան երկրներում` հիմնականում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում:

Հայաստանում մալարիան տարածված է եղել դեռևս հին ժամանակներից և «բացակայել է» ընդամենը 31 տարի` 1963-1994թթ., որից հետո կրկին «հայտնվել է»: Այդ հիվանդության դեմ պայքարի գործընթացում ՀՀ-ին աջակցել են մի շարք միջազգային կազմակերպություններ: Կանխարգելման աշխատանքի շնորհիվ կրճատվել է մալարիա փոխանցող մոծակների պոպուլյացիան, իսկ 2003թ. ի վեր Հայաստանում ստեղծվել են մալարիայի վերացման նախադրյալներ:

2006թ. ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվել է Հայաստանում տեղական մալարիայի վերացման 2006-2010թթ. նպատակային ծրագիր, որի գործադրման պայմաններում 2006-ից տեղական ծագման մալարիայի դեպք չի արձանագրվել:

Հայաստանը այն երկրների (ԱՄԷ, Մարոկկո, Թուրքմենստան) թվում է, որտեղ հաջողվել է վերացնել նշված հիվանդությունը: Այս առթիվ ԱՀԿ-ն 2011թ. Հայաստանին վկայագրել է որպես մալարիայից ազատ գոտի:

Մեկնաբանել