Լրացուցիչ կֆինանսավորվի ՀՍՆՀ ծրագիրը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ապրիլի 24-ին ընդունել է Համաշխարհային բանկի` Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը և ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը, քննարկվել են Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման հետ կապված հարցեր: ՀԲ կողմից հաստատված լրացուցիչ ֆինանսավորման միջոցները ևս առաջիկա երկու տարիներին կուղղվեն մարզերում սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը: Կարևորելով ՀՍՆՀ երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ բաղադրիչի արագ մեկնարկը` պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի վերջնական ուղղությունները հստակեցնել մայիսի երկրորդ տասնօրյակում: Մինչ այդ` կողմերը սեղմ ժամկետներում կավարտեն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը:

Զրուցակիցները բարձր են գնահատել ՀԲ -ի և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ծրագրերի արդյունավետությունը` ընդգծելով դրա նշանակությունը տարածքների համաչափ զարգացման առումով: