Միթ Ռոմնին հաղթեց ևս հինգ նահանգում

Քվեաթերթիկների մշակումը պաշտոնապես դեռ չի ավարտվել, սակայն հեռուստաալիքը, ինչպես և ձայների հաշվմանը մասնակցող ամերիկյան մյուս լրատվամիւոցները, Ռոմնիին հաղթող են հռչակել։

«Տեղի ժամանակով ժամը 21։00-ի դրությամբ Կոնեկտիկուտում Ռոմնիի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 66%-ը, Ռոդ Այլենդում՝ 63%-ը։ Նա մեծ առավելությամբ առաջատար է նաև Դելավերում (57%), Նյու Յորքում (57%) և Փենսիլվանիայում (56%)»,- նշում է Fox News-ը։

Հանրապետականների ներկուսակցական նախընտրական արշավը ներկայում շարունակում են երեք թեկնածու՝ մրցաարշավի առաջատար Միթ Ռոմնին, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը և տեխասցի կոնգրեսական Ռոն Փոլը։

Տվյալ հաղթանակն ամրապնդեց նախկին նահանգապետի դիքերը՝ որպես դե ֆակտո ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության միասնական թեկնածու։

Այս փրայմերիզների ևս մի արդյունք կարող է դառնալ ԱՄՆ-ի այս տարվա նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամային մարտահրավեր նետելու համար պայքարող հանրապետականների թվի կրճատումը։ Նախօրեին Նյուտ Գինգրիչը ամերիկյան հեռուստաալիքներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր է «վերաիմաստավորել» իր արշավի ընթացքը, եթե ապրիլի 24-ին անհաջողության մատնվի։ Մի շարք լրատվամիջոցներ այս խոսքերը գնահատել են՝ որպես մրցապայքարը շուտափույթ լքելու հայտարարություն։

Կոնեկտիկուտում Գինգրիչի օգտին քվեարկել է ընտրողների 11%-ը, ինչը 5%-ով զիջում է Փոլի գրանցած արդյունքին։ Նախկին խոսնակը աութսայդեր է նաև Ռոդ Այլենդում՝ ընդամենը 6% ձայն։ Նա վերջին տեղն է զբաղեցրել նաև Փենսիլվանիայում՝ 10%։ Գինգրիչին միայն Նյու Յորքում ու Դելավերում է հաջողվել առաջ անցնել Փոլից։

Իր հերթին Ռոն Փոլը նախօրեին հայտարարել է, որ մտադիր չէ դադարեցնել մրցարշավը։ Նա լրագրողներին բազմիցս խոստովանել է, որ այս ընտրություններին մասնակցում է լիբերտարիանական գաղափարներ քարոզելու համար։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախընտրական արշավի մասնակցությունից ապրիլի 11-ին հրաժարվել էր Ռոմնիի հիմնական մրցակից, Փենսիլվանիայի նախկին սենատոր Ռիկ Սանտորումը, որն այս ընտրությունների գլխավոր ինտրիգն էր։