Հագուստի հավաքածուն ավարտում է հայաստանյան ուղևորությունը

Մեկ տարի առաջ մեկնարկած ծրագրի շրջանակում հայ և եվրոպացի մոդելավորողները ստեղծել են հագուստի համատեղ հավաքածու` ազգային մշակույթների համադրությամբ: Ծրագրին մասնակցել է 10 նկարիչ-մոդելավորող Հայաստանից, Դանիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Մեծ Բրիտանիայից: 20 հագուստ բացի Երևանից ցուցադրվել է նաև ՀՀ չորս մարզում:

Օրերս ցուցահանդեսը հյուրընկալվեր էր Վանաձորի կերպարվեստի թանգարանում:

Վերջինիս տնօրեն Փափագ Ալոյանը նշել է, որ գեղանկարների կողքին հագուստների ներկայացումը հատուկ հմայք է հաղորդում ցուցահանդեսին:

Վանաձորից հետո մշակույթների կամրջման շոշափելի օրինակ դարձած հավաքածուն ներկայացվել է Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում`հայ և արտասահմանյան ճանաչված նկարիչների կտավներով համալրված սրահում ստեղծելով տարբեր ազգերի մշակույթների հանդիպման յուրօրրինակ կենտրոն: Ցուցահանդեսը Դիլիջանում ներկայացվելուց հետո կուղևորվի հինգ եվրոպական երկիր: Ծրագիրը կավարտվի այս տարեվերջին: