Շվեդները թագավորական ընտանիքին չեն վստահում

Համաձայն սոցիոլոգիական հարցման՝ շվեդների 30%-ը չի վստահում թագավորական ընտանիքին այն դեպքում, երբ նրան աջակցում է հարցվածների միայն 34%-ը։ Ընդ որում՝ հարցվածների 20%-ը հավանություն է տվել երկրի՝ սահմանադրական միապետությունից հանրապետության վերափոխմանը։ 1976թ․, այսինքն՝ երկու տարի անց նոր Սահմանադրության ընդունումից, որը սահմանափակում էր թագավորի իշխանությունը, շվեդների միայն 9%-ն էր պատրաստ աջակցելու հանրապետական կարգին։

Սոցիոլոգների տվյալներով՝ հանրային կարծիքի վրա ազդեցություն է գործել 2010թ. նոյեմբերին լույս տեսած թագավոր Կառլ Գուստավ 16-րդի սկանդալային կենսագրությունը։ Գրքում լրագրողները մանրամասնություններ են ներկայացրել թագավորի ինտիմ կյանքի ու նրա դավաճանությունների մասին։ Բացի այդ՝ լրատվամիջոցներն ակտիվ քննարկում էին թագուհի Սիլվիայի հոր բացահայտված կապերը նացիստների հետ, ինչը ևս անդրադարձել է թագավորական ընտանիքի հեղինակության վրա։

Հետաքրքրական է, որ հայտնի անհատականությունների շարքում Շվեդիայում առավել մեծ ժողովրդականություն է վայելում Կառլ Գուստավ 16-րդի և Սիլվիայի դուստրը՝ արքայադուստր Վիկտորիան։ Նա թագավորական զույգի ավագ դուստրն է և գահի առաջին հավակնորդը։

Մեկնաբանել