Լորդերը դառնում են ընտրովի

Մեծ Բրիտանիայում մշակվում է վերջին հարյուր տարվա սահմանադրական ամենախոշոր բարեփոխումը, ըստ որի՝ Լորդերի պալատի անդամների 80%-ն ընտրվելու է։ Փոփոխությունների արդյունքում Մեծ Բրիտանիայում ամերիկյան Սենատ հիշեցնող կառույց կձևավորվի, սկզբունքորեն կփոխվի նաև բրիտանական քաղաքական ուժերի դասավորվածությունը։ Բացի այդ՝ առաջարկվում է պալատը Լոնդոնից տեղափոխել գավառ, ինչը թույլ կտա խնայել միջոցները։

Պալատի բարեփոխման քննարկումներին նոր ազդակ է հաղորդել երկու պալատների ներկայացուցիչների միասնական հանձնաժողովի առաջարկը։ Հանձնաժողովի անդամները հանդես են եկել Լորդերի պալատի անդամների 80%-ի՝ քաղաքացիների կողմից ընտրվելու և միայն 20%-ի՝ երկրի իշխանությունների կողմից նշանակվելու առաջարկով։ Առաջարկվում է նաև պալատում լորդերի թիվը 800-ից նվազեցնել 450-ի։ Ակնկալվում է, որ նոր կանոնները կհաստատվեն ամռանը, իսկ բարեփոխված պալատի առաջին ընտրությունները կկայանան 2015թ.։

Լորդերի պալատը ստեղծվել է 14-րդ դարում և շուրջ 500 տարի զգալի արտոնություններ է ունեցել Համայնքների պալատի նկատմամբ։ Սակայն աստիճանաբար այն զիջել է իր առանցքային դերակատարումը. ներկայում լորդերը ստորին պալատի ընդունած օրենքները կարող են միայն վերանայման ուղարկել՝ երկարաձգելով դրանց ընդունումը։ 1999թ. երկրի իշխանությունները կրճատեցին պալատի՝ ժառանգական պերերին պատկանող տեղերի 90%-ը։ Ներկայում պալատի անդամների գերակշռող մասը ցմահ պերերն են, որոնք նշանակվում են միապետի կողմից՝ հատուկ հանձնաժողովի կամ վարչապետի առաջարկով։

Բարեփոխմանը, որի նպատակը Լորդերի պալատի արխայիկ համակարգը ժամանակակից իրողություններին համապատասխանեցնելն է, աջակցում են Մեծ Բրիտանիայի առաջատար քաղաքական ուժերը։ Այն, մյուս կողմից, համարվում է լիբերալների նախագիծ՝ փոխվարչապետ Նիկ Քլեգի գլխավորությամբ։ Ավելին՝ փոխվարչապետը բարեփոխման առավել արմատական տարբերակի կողմնակիցն է. պալատի անդամների թիվը նվազնել է մինչև 300 լորդի, որոնք բոլորն էլ պետք է ընտրվեն։ Բարեփոխման իրագործումը՝ անգամ փոխզիջումային տարբերակով, լիբերալների համար սկզբունքային նշանակություն ունի, քանի որ նրանք Համայնքների պալատի ընտրական համակարգի փոփոխությունների քվեարկության ընթացքում պարտություն են կրել։

Բացի այդ՝ բարեփոխումը հնարավորություն կտա բարձրացնել նաև երկրորդ էշելոնի կուսակցությունների, այդ թվում՝ լիբերալ-դեմոկրատների քաղաքական կշիռը։ Հետևապես՝ զարմանալի չէ, որ երկրի խոշորագույն քաղաքական ուժը՝ Պահպանողական կուսակցությունը, առաջարկը խանդավառությամբ չի ընդունում։ Թեև վարչապետ Դեյվիդ Քեմերոնը նշում է, որ պալատի բարեփոխումը կհանգեցնեն բրիտանական ժողովրդավարության ամրապնդմանը, այդուհանդերձ նա ստիպված է հաշվի նստել կուսակիցների հետ, որոնք դժգոհ են այս ծրագրից։ Նրանց թվում է Համայնքների պալատի անդամ Նադիմ Զահավին, որը Քլեգի առաջարկը քաղաքական վանդալիզմ է բնորոշել։

Գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժը՝ Լեյբորիստական կուսակցությունը, պահանջում է չսահմանափակվել ոչ ամբողջական միջոցառումներով։ Լեյբորիստներն առաջարկում են նաև Լորդերի պալատը տեղափոխել երկրի հյուսիս՝ Մանչեստր, ինչը, ըստ նրանց, հնարավորություն կտա զգալի միջոցներ խնայել, քանի որ կյանքը գավառում, մայրաքաղաքի համեմատ, շատ ավելի էժան է։ Ավելին՝ նրանք առաջարկում են վաճառել լորդերի լոնդոնյան տները և միջոցներն ուղղել պետական գանձարան։ Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախկին նախարար լորդ Էնդրյու Ադոնիսի կարծիքով՝ լորդերի համար մայրաքաղաքում աշխատելը վնասակար է, քանի որ այստեղ բազմաթիվ գայթակղություններ կան։