Մայիս-հուլիսին կանցկացվի գարնանային զորակոչ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2012 թ. գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, հրամանագրի համաձայն` 2012 թ. մայիս-հուլիսին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2012 թ. հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն,  ինչպես նաև մինչև 2012 թ. հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված  այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին ու մինչև 2012 թ. հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ:

ՀՀ նախագահի նույն հրամանագրով որոշվել է նաև 2012 թ. մայիս-հունիսին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին, հանձնարարվել է ՀՀ կառավարությանը՝ երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: