Բրազիլիայում անցկացվել է Եղեռնին նվիրված լիագումար նիստ

Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Օրենսդիր ժողովի Պաբլո Կոբայաշի նորակառույց նիստերի դահլիճում տեղի է ունեցել լիագումար նիստ` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին:

Բացման խոսքով հանդես են եկել նիստի նախագահ, դաշնային պատգամավոր Առնալդո Ֆարիա դե Սան, նահանգային երկու պատգամավորներ և միջոցառման գլխավոր բանախոս, ՀՅԴ բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, ընթերցվել է Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանի պատասխանը վերջերս բրազիլական մամուլում Ցեղասպանության վերաբերյալ թուրք դեսպան Էրսին Էրսինի պատմական փաստերն աղավաղող ելույթներին: Հայաստանի դեսպանի նամակը տպագրվելու է երկրի խոշորագույն «Էստադո դե Սան Պաուլո» պաշտոնաթերթում և տեղադրվելու է «Ֆոլյա դե Սան Պաուլո» թերթի կայքէջում:

Դաշնային պատգամավոր Առնալդո Ժարդինի խդրանքով` նամակի տեքստը հանձնվել է իրեն` Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատում հնչեցնելու համար, ինչպես նաև Օզասկոյի «Դիարիո դե Ռեժիոն» տարածաշրջանային թերթի տնօրեն Վրեժ Սանազարին: