Էմոցիոնալ վրացիները

Եթե Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը Վրաստանի օրենսդիր մարմնում խորհրդարանականները ծեծկռտուք չսարքեին հայերի և չերքեզների ցեղասպանության թեմայով, հավանաբար շատ քչերը թե՛ Վրաստանում և թե՛ նրա սահմաններից դուրս կիմանային, որ Վրաստանը ճանաչել է Ռուսաստանում չերքեզների ենթադրյալ ցեղասպանությունը:

Այս փաստին հնչեղություն տալը Վրաստանին մի շարք ոչ հաճելի իրողությունների առաջ է կանգնեցնում: Առաջին հարցն այն է, թե ի՞նչ շահեցին չերքեզների «ցեղասպանության» ճանաչումով չերքեզներն ու վրացիները: Ի՞նչ է, միջազգային ասպարեզում բարձրացա՞վ Վրաստանի հեղինակությունը որպես մարդասիրական պետության, թե՞ չերքեզները փոխհատուցում ստացան ենթադրյալ ցեղասպանության համար: Փոխարենը, հատկապես ծեծկռտուքից հետո, վրացահպատակ հարյուրհազարավոր հայերի մոտ հարց առաջացավ՝ ի՞նչ սկզբունքով է մի քանի հազար չերքեզի սպանությունը որակվում ցեղասպանություն, իսկ բազմաթիվ երկրների կողմից ճանաչված միլիոնավոր հայերի կոտորածները Օսմանյան Թուրքիայում Վրաստանի խորհրդարանի համար ցեղասպանություն չէ:

Նմանատիպ հարց առաջացավ նաև Վրաստանի հարևան և գործընկեր Հայաստանում: Հայկական կողմը, հաշվի առնելով Վրաստանի հատկապես տնտեսական շահերը և նրա կախվածությունը Թուրքիայից ու Ադրբեջանից, Վրաստանում չի բարձարցնում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: Հիմա օբյեկտիվորեն առնվազն կարող ենք հարց տալ վրացիներին Հայոց մեծ եղեռնի ճանաչման հետ կապված:

Պրագամատիկ քաղաքական հաշվարկների տեսակետից չերքեզների «ցեղասպանության» ճանաչումը, բացի Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի սրումից և Վրաստանի իշխանությունների էմոցիոնալ բավարարվածությունից, Վրասատանին ոչինչ չի տվել: Փոխարենը Վրաստանը շահել է իր հայ համայնքի և հարևան Հայաստանի առնվազն կասկածելի վերաբերմունքը իր վարած քաղաքականության նկատմամբ: Տարածաշրջանում ինտեգրացիոն կենտրոնի դերի հավակնող Վարաստանը այս քայլով փաստորեն խնդիրներ է առաջացնում կամ սրում առկա խնդիրները հյուսիսային և հարվային հարևանների հետ: Ընդամենը չորս երկրի հետ սահման ունեցող պետությունը, որը խնդիրներ է հարուցում դրանցից երկուսի հետ, հաստատապես չի կարող հավակնել տարածաշրջանում ինտեգրացիայի կենտրոնի:

Մեկնաբանել