ՄԱԿ-ը հետաքրքրվել է բնիկներով

Պատմության մեջ առաջին անգամ ՄԱԿ-ը հետաքննություն կանցկացնի ԱՄՆ-ի տարածքում։ Նախօրեին երկիր է ժամանել ՄԱԿ-ի փորձագետը, որը պետք է պարզի, թե որքանով է ամերիկացի հնդկացիների դրությունը համապատասխանում կազմակերպության՝ մարդու ու բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագրին։

ՄԱԿ-ի հայտարարությունում ասված է, որ «այս առաքելությունը ՄԱԿ-ի առաքելությունների պատմության ընթացքում դառնալու է առաջինը ԱՄՆ-ի տարածքում, որը հաստատել է Մարդու իրավունքների խորհուրդը՝ բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը ստուգելու նպատակով»։

ՄԱԿ-ի առաքելությունն ԱՄՆ-ում իրականացնելու է Ջեյմս Անայան, որը Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր է և ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով գլխավոր զեկուցող։ Փորձագետը պետք է այցելի հյուսիսային հնդկացիների բնակության վայրեր Վաշինգտոնում, Արիզոնայում, Օրեգոնում, Օկլահամայում, Հյուսիսային Դակոտայում՝ տեղում ստուգելու հնդկացիների ցեղերի իրավունքների պաշտպանությունը համապատասխան ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագրի։ ԱՄՆ-ը այն ստորագրել է 2010թ.։

Չնայած հնդկացիական ցեղերին ԱՄՆ-ի իշխանությունների խոստացած $1  մլրդ-ի փոխհատուցմանը՝ ներկայում հնդկացիների ավելի քան 70 ցեղ շարունակում է դատական գործընթացներ վարել ԱՄՆ-ի դաշնային իշխանությունների հետ՝ պահանջելով հետևել վերջին 236 տարիներին իրենց և ԱՄՆ-ի կառավարության միջև ստորագրված պայմանավորվածություններին։

Նշենք, որ երեք տարի առաջ՝ 2009թ., ԱՄՆ-ի իշխանությունները բնիկներին վճարեցին $3,9  մլրդ-ի փոխհատուցում։