Էժան փողերը հասա՞ն նպատակին

ԵԿԲ-ն ցանկանում է վերահսկել
արտոնյալ վարկերի ճակատագիրը
Երկարաժամկետ արտոնյալ վարկային ծրագրի (LTRO) շրջանակում եվրոպական բանկերին տրամադրված էժան փողերն ի վերջո հասել են տնտեսության իրական հատված, հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Մարիո Դրագին։

«Փետրվարին տեղի ունեցած LTRO II աճուրդին մասնակցել է ավելի քան 800 բանկ, որոնց հիմնական մասը ոչ մեծ տարածաշրջանային բանկեր էին, այսինքն՝ բանկեր, որոնք հիմնականում վարկավորում են փոքր և միջին բիզնեսը։ Այդ պատճառով կարծում ենք, որ մեր տրամադրած իրացվելիությունը, ի վերջո, կծառայի իրական տնտեսությանը»,– հայտարարել է Դրագին։ Այդուհանդերձ, ԵԿԲ նախագահը լրջագույն վտանգ է համարում այն, որ ԵԿԲ-ն լիազորություններ չունի վերահսկելու, թե բանկերն ինչպես են օգտագործում ստացած արտոնյալ վարկերը։

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագետները, սակայն, նույնքան լավատես չեն։ Պարտքային ճգնաժամի խորացման դեպքում եվրոպական բանկերին մինչև տարեվերջ անհրաժեշտ կլինի ազատվել $2,6 տրլն-ի ակտիվներից, ընդ որում՝ ֆինանսական հատվածում վարկավորումը մոտ ապագայում կպահպանվի չափազանց ցածր մակարդակի վրա։

Ավելին՝ ԱՄՀ-ում վստահ են, որ սա իրադարձությունների զարգացման հիմնական սցենարն է։ «Սակայն եթե եվրոպական երկրների բյուջետային կոնսոլիդացիայի ծրագրերը հեռանկարում չկարողանան զսպել պարտքային ճգնաժամը, և լուրջ իրադարձություններ տեղի ունենան, որոնք խարխլեն Եվրոպայի հակաճգնաժամային մեխանիզմները, ապա բանկային համակարգի հաշվեկշռին ակտիվները կնվազեն $3,8 տրլն-ով»,– նշել են ԱՄՀ փորձագետները։ Վերջիններս զգուշացրել են նաև, որ բացասական սցենարից խուսափելու միակ տարբերակը իրացման սահմանափակ հնարավորությամբ ակտիվների վաճառքի հաշվին բանկային համակարգի ամրապնդումը շարունակելն է։

Նշենք, որ հիմնադրամի ուսումնասիրությանը մասնակցել են Հին աշխարհի 58 խոշոր բանկեր, այդ թվում՝ ֆրանսիական BNP Paribas-ն ու գերմանական Deutsche Bank-ը։ Թեև անցած տարվա վերջին եռամսյակում այս բանկերը դուրս են գրել ընդհանուր առմամբ $580 մլրդ-ի ակտիվներ, իրադրությունը դեռ վերահսկելի է, եզրակացրել են փորձագետները։

ԵԿԲ հոլանդացի ներկայացուցիչ Կլաաս Նոտի կարծիքով՝ ԱՄՀ բացասական սցենարը չափազանց հեռու է իրականությունից։ Նա նաև անհրաժեշտ չի համարում LTRO III-ը՝ համոզված լինելով, որ արտոնյալ վարկերի տրամադրման նախորդ երկու փուլերը դեռ երկար կազդեն բանկային սեկտորի վրա։
Հիշեցնենք, որ LTRO I-ի ընթացքում ԵԿԲ-ն տրամադրել էր €489 մլրդ ընդհանուր արժողությամբ 3-ամյա մարման ժամկետով արտոնյալ վարկային միջոցներ, 2012թ. փետրվարին (LTRO II)՝ ևս €530 մլրդ-ի վարկեր։ Այս ֆոնին պարտքային շուկայում լարվածությունը որոշակիորեն մեղմացել էր։