Թուլացած յենն օգնում է Canon-ին

Միաժամանակ՝ ֆոտոտեխնիկայի և էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն այս ընկերությունը բարձրացրել է շահույթի տարեկան կանխատեսումը 16%-ով։ Թվային ֆոտոխցիկների բարձր պահանջարկն օգնել է փոխհատուցել տպիչների և գրասենյակային սարքավորումների վաճառքների կրճատումը, իսկ Ճապոնիայի ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության շնորհիվ ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում թուլացած յենը (9,9%-ով՝ եվրոյի և 7,2%-ով՝ դոլարի նկատմամբ) թույլ է տալիս արտաքին շուկաներից ստացվող եկամուտների աճի հույս ունենալ, նշում են ընկերությունում։ Նշենք, որ Canon-ի բիզնեսի մոտ կեսը բաժին է ընկնում ոչ ճապոնական շուկաներին։

2012թ. 1-ին եռամսյակում Canon-ի գործառնական շահույթը կազմել է 82,7 մլրդ յեն՝ անցած տարվա նույն ժամանակաշրջանի 82,5 մլրդ յենի համեմատ։

Ծախսերի կրճատման նպատակով ընկերությունը ծրագրում է նաև ընդլայնել արդյունաբերական ռոբոտների կիրառումը, որոնք մինչ այս լայնորեն օգտագործվել են տպիչների արտադրության մեջ։ Canon-ն այժմ մտադիր է դրանք կիրառել նաև տեսախցիկների ոսպնյակների արտադրության մեջ։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի վերջին Canon Inc-ի նախագահ Ցունեձի Ուտիդան հրաժարական ներկայացրեց 2012թ. համար ընկերության ֆինանսական ցուցանիշների բացասական կանխատեսման պատճառով։ Մարտի 29-ից Canon-ը գլխավորում է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆուջիո Միտարիան։

Մեկնաբանել