Թուրքիայում սկսվել է 1997թ․ հեղաշրջման գործով ձերբակալությունների երրորդ ալիքը

Ինչպես հաղորդում է «Հաբերթուրք»-ը, խուզարկություններ են կատարվում երկրի չորս նահանգներում, այդ թվում՝ Ստամբուլում և Իզմիրում։

Ձերբակալության ենթակա մարդկանց ցուցակում առկա է ավելի քան տասը մարդ, այդ թվում՝ մի շարք գեներալներ։ Թուրքիայի իշխանությունները նշում են, որ խուզարկությունների ընթացքում հայտնաբերված հանցանշանները կարող են բավարար հիմք լինել կասկածյալներին ձերբակալելու համար։ Ի թիվս այլ հասցեների՝ խուզարկություն է իրականացվում նաև պաշտոնաթող գեներալ, ժանդարմերիայի նախկին հրամանատար Ֆևզի Թյուրքերի տանը։

Ներկայիս դրությամբ 1997թ. հեղաշրջման գործով ձերբակալված է 26 մարդ։ Նրանց թվում է 1997թ. Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Չևիք Բիրը։

Փետրվարի 28-ի գործով խուզարկությունների ու ձերբակալությունների նախորդ ալիքն իրականացվել էր ապրիլի 19-ին Թուրքիայի հինգ նահանգներում, իսկ առաջինը՝ ապրիլի 12-ին։ Դատախազությունը մտադիր է սահմանել ձերբակալվածների մասնակցության աստիճանը այս պահի դրությամբ Թուրքիայի պատմության մեջ վերջին պետական հեղաշրջման մեջ, որը հայտնի է նաև որպես «հետմոդեռնիստական հեղաշրջում»։ Այն իրականացվել է անարյուն և Սահմանադրության ու խորհրդարանի գործողության պահպանմամբ։ Սակայն Թուրքիայի իշխանությունների կարծիքով՝ այս իշխանափոխությունը մեծ վնաս է հասցրել երկրի զարգացմանը, ինչի համար էլ այդ իրադարձությունների մասնակիցները պետք է պատժվեն։