Ընտրակաշառքն օրինակա՞ն

Այսօր Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ քննարկել է ընտրակաշառքների հետ կապված խնդիրը և համապատասխան հանձնարարականներ է տվել: Նախագահի համոզմամբ՝ առկա իրավական կարգավորումների շրջանակում իրավասու մարմինների գործունեության առաջնայնություններից մեկը պետք է լինի ընտրակաշառք ստացած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելը այն դեպքերում, երբ նրանք իրավապահ մարմիններին կամովին հայտնել են այդպիսի փաստերի մասին և աջակցել հանցագործության բացահայտմանը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ նման երաշխիքի պայմաններում մեկ անգամ սխալված քաղաքացին հնարավորություն կստանա աջակցել «ընտրակաշառքի» դեմ պայքարի գործընթացին՝ դրանով իսկ զերծ մնալով անխուսափելի պատժից:

Դրական է, որ նախագահի մակարդակով արձագանքում են ընտրակաշառքների վերաբերյալ հնչող հանրության մտահոգություններին: Սակայն որքանո՞վ է ընտրված ճանապարհը արդյունավետ և որքանո՞վ կարելի է հավատալ, որ բարձրագույն իշխանությունները իրականում ցանկանում են պայքարել այդ արատավոր երևույթի դեմ:

Ինչքանո՞վ է տրամաբանական, որ ընտրակաշառք վերցնող անձը ազատվի քրեական պատասխանատվությունից: Այն անձինք, ովքեր ընտրությունների օրը կամ ընտրություններից առաջ գիտակցված դիմել են այդ քայլին և իրենց ձայնը վաճառել են, շատ ցածր է հավանականությունը, որ մեղայականով կներկայանան ոստիկանություն: Ինչպես ցույց է տալիս նախորդ ընտրությունների փորձը, ընտրակաշառք վերցնող քաղաքացիները հասարակության այն հատվածն են, որն ինքնակամ է  մտնում հանցավոր գործարքի մեջ: Նրանք հաստատապես ժողովրդավարական արժեքների համար պայքարող քաղաքացիներ չեն ու ոստիկանություն դիմելու որևէ մոտիվացիա չունեն: Վերջիններս առաջնորդվում են «Շան պոչից մազ պոկելն էլ է օգուտ» ժողովրդական խոսքով:  Ոստիկանություն կարող են դիմել այն դեպքում, եթե ընտրակաշառքը վերցրել են միտումնավոր՝ իրավապահ մարմիններին դիմելու նպատակով: Նույնիսկ այդ դեպքում շատ քիչ է հավանակնությունը, որ ընտրակաշառք բաժանողը պատժվի, քանի որ միայն մի անձի ցուցմունքի վրա բավականին դժվար է կաշառք բաժանողի մեղքը ապացուցելը: Այս պարագայում արդարացվա՞ծ է արդյոք  առանց պարտադրանքի և հոժարակամությամբ կաշառք վերցնողին ազատել քրեական պատասխանատվությունից: Այս քայլն իր մեջ վտանգ է պարունակում, որ ընտրակաշառք բաժանողներն ու վերցնողները կարող են գործել ավելի անկաշկանդ: Սերժ Սարգսյանի հանձնարարականը հնարավոր է՝ հակառակ արդյունքը տա, և մենք ականատես լինենք ընտրակաշառքների բաժանման էլ ավելի զանգվածային գործընթացի:

Մյուս կողմից՝ մարդիկ իրավունք ունեն կասկածելու ընտրակաշառքների դեմ պայքարելու առումով  բարձրագույն իշխանությունների խոստումների ազնվությանը: Հայտնի փաստ է, որ ընտրակաշառք բաժանելու մենաշնորհը պատկանում է իշխանությանը: Համապետական վերջին ընտրությունների փորձը ցույց է տվել, որ իշխանությունը ընտրակաշառք երևույթի դեմ պայքարի գործում որևէ սկզբունքայնություն չի ցուցաբերել: